Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ծառայության քննչական դեպարտամենտում կատարված քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ «նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին»:
«Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1 միլիոն 202 հազար 592 ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 132 հազար 592 ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ», - ասված է հաղորդագրությունում:
Նկարագրված արարքը կատարելու համար, առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ:
ԱԱԾ-ն նշում է, որ նախաքննության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9 հազար 100 դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Սեպտեմբերի 16-ին քրեական գործը՝ վերոհիշյալ 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար։