Մատչելիության հղումներ

Թուրքիայում կալանավորները չեն կարողանում ստանալ «Ակօս» և այլ պարբերականներ


«Ակօս»-ի համարներից, արխիվ

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը մի շարք նամակներ է ստացել թուրքական բանտերում գտնվող կալանավորներից առ այն, որ նրանք չեն կարողանում ստանալ շաբաթաթերթի համարները: Պարզվել է, որ որոշ անկախ թերթեր ու ամսագրեր՝ այդ թվում «Ակօս»-ը, տարբեր պատճառաբանություններով չեն հասնում կալանավորներին ու դատապարտյալներին և պահվում են պահեստներում:

Ըստ սահմանված կարգի, բանտարկյալները իրավունք ունեն միայն սեփական գումարով բաժանորդագրվել որևէ պարբերականի, իսկ անվճար հիմունքներով, որպես նվեր հրատարակություններ կարող են ստանալ միայն տոներին կամ ծննդյան օրերին մեկ գրքի տեսքով: Այս սահմանափակումը լրացուցիչ դժվարություն է ստեղծում բանտային պայմաններում հայտնված՝ նյութական միջոցներ չունեցող մարդկանց համար:

Մեկ այլ կարգավորման համաձայն խոչընդոտվում է պաշտոնական հաղորդագրություններ և գովազդ հրապարակելու իրավունք չունեցող թերթերի մուտքը կալանավայրեր: Այսպես՝ «Ակօս» պարբերականը և փոքրամասնությունների մյուս համայնքների մամլո օրգանները փոքր տպաքանակ և սպառում ունենալու, երբեմն էլ «հակասական հրապարակումների» պատճառով չեն ստանում պաշտոնական հայտարարություններ՝ դուրս մնալով կալանավայրերում ընդունելի թերթերի ցանկից:

«Ակօս»-ը գրում է, որ կալանավորներն ու դատապարտյալները պատրաստվում են իրենց իրավունքների սահմանափակման հարցին իրավական ընթացք տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG