Մատչելիության հղումներ

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ԵՊՀ նախկին ռեկտորին


Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար:

Մայր բուհը Հանրապետականի իշխանության տարիներին ղեկավարած Սիմոնյանը, ըստ իրավապահների, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 34 մլլն դրամ:

«Ազատության» հետ զրույցում Սիմոնյանը խորհուրդ տվեց խոսել իր փաստաբանների հետ, միայն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում:

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց 65-ամյա Սիմոնյանի մեղադրանքը, որն առնչվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին: Արամ Սիմոնյանը 2015 թվականից ղեկավարել է այդ հիմնադրամը և մինչև 2019 թվականի դեկտեմբերը մինչև 50 մլն դրամի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն է ունեցել:

Ռիմա Եգանյան. – «Վերջինս իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ-ի մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող սահմանափակ ընկերության տնօրենի հետ, 2015 թվականի հուլիսի 3-ին կնքված համաձայնագրերի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի գումար»:

Մայր բուհի նախկին ռեկտորի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարում են, որ թեև նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն կարող հայտնել, սակայն առավել քան համոզված են, որ այս մեղադրանք ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է:

Փաստաբանները հիշեցնում են, որ դեռ երկու տարի առաջ էր հայտարարվել Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում հայտնաբերված շուրջ 800 մլն դրամի չարաշահումների մասին: Այդ կապակցությամբ, շարունակում են փաստաբանները, երկու տարի քննություն իրականացնելուց հետո Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ-ի անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը` իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` չորս տարվա ընթացքում 34 մլն դրամ փոխանցելու համար: Բնականաբար, Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել. այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե չմատուցված ծառայությունների դիմաց, այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ:

«Կարծում ենք, որ այդ գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալու միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են կրթության ու գիտության զարգացման գործում անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները», - ասված է Սիմոնյանի փաստաբանների տարածած հայտարարությունում:

XS
SM
MD
LG