Մատչելիության հղումներ

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով


Գարեգին Զաքոյան

Այս օրերին որոշակի մշակութային աշխուժություն է նկատվում Հայաստանում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցան բացօթյա համերգներ, ներկայացումներ՝ ներգրավելով բազմաթիվ արվեստասերների, ովքեր համավարակային սահմանափակումներից հետո վերջապես կարողանում են ներկա գտնվել այս կամ այն մշակութային իրադարձությանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Ազգային կինոկենտրոնը «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո ֆիլմերի բացօթյա ցուցադրությունների շարք է սկսում մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Սեպտեմբերի 19-ից մինչև 27-ը այստեղ մեծ էկրանին կցուցադրվեն երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերը՝ հանրությանը մշակութային դադարից դուրս բերելու և ուրախ , տոնական կինոտրամադրություն պարգևելու նպատակով: Իսկ տոմսերից ստացված ողջ հասույթը որպես աջակցություն կփոխանցվի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին:

Սեպտեմբերի 14-ին Ուջան գյուղում բացվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 6-րդ փառատոնը, որի ընթացքում մինչև սետտեմբերի 20-ը բացօթյա կցուցադրվեն հայ և արտասահմանցի կինոռեժիսորների ուշագրավ ֆիլմեր:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշում էր փառատոնի հիմնադիր տնօրեն, կինոգետ Գարեգին Զաքոյանը, արտասահմանյան կինոգործիչներն այս տարի համավարակի պատճառով չեն կարողացել գալ Հայաստան, բայց «Ծիրանի ծառ» 6-րդ միջազգային վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի ընթացքում կներկայացվի 15 ֆիլմ 13 երկրից:

Գարեգին Զաքոյան. – Ինքը փառատոնը` բացումը և ընթացքը կլինի գյուղում, գյուղացիների համար, Երևանից հյուրերի համար: Բայց ամսի 20-ից հետո մինչև դեկտեմբերի 20-ը օնլայն փառատոնը կշարունակվի: Ամեն շաբաթ կունենանք ֆիլմ, ամեն շաբաթ կունենանք ֆիլմի քննարկում օնլայն, ժյուրին կաշխատի օնլայն: Դեկտեմբերի 20-ին կանենք փակումը և կբարձրաձայնենք հաղթողների անունները:

«Ազատություն». – Փաստորեն այս տարի յուրօրինակ ձևով է անցնում փառատոնը:

Զաքոյան. – Մի կողմից շատ լավ է, որովհետև աուդիտորիան է միանգամից շատ լայնանում, մեծանում: Փաստորեն ամբողջ աշխարհը հնարավորություն ունի մասնակցելու` նայել ֆիլմերը, քննարկումներին մասնակցել:

«Ազատություն». – Փառատոնը ի սկզբանե նախատեսված էր սկսել Ուջան գյուղում: Մի քանի խոսքով կասե՞ք պատճառները:

Զաքոյան. – Հատուկ պատճառ չունի, թե ինչու Ուջանում: Կարող էր լինել ցանկացած հայկական գյուղում: Բայց էնպես պատահեց, որ Ուջանը մի շարք բաներով հարմար էր: Նպատակը ոչ թե Ուջանն է, այլ նպատակը հայ գյուղն է: Որովհետև մեր համողմունքով, մեր բոլոր դժբախտությունները մեր մշակութային ահավոր ցածր մակարդակից են գալիս: Իսկ այդ մակարդակը պետք է բարձրացնել գյուղից: Քաղաքում ինչ էլ անես... գյուղն ա լցվում քաղաք, գյուղն ա քաղաքը սնող աղբյուրը: Գյուղից եթե սկսենք, մեր ամեն ինչը` և' երբը, և' պարը, և' ընդհանրապես հոգևոր արժեքները պետք է այնտեղ մաքրվեն: Եվ այնտեղից անցնել քաղաք: Քաղաքում կարող է մի քիչ դեֆորմացվել, մի քիչ ուրիշ տեսք ստանալ, բայց հիմքը, էությունը, արմատը պիտի լինի էնտեղ: Մենք կինոյի դպրոց ենք հիմնել, և այս տարի հույս ունենք Ուջանի փակմանը իրենց արած ֆիլմերը ցույց տալ: Միայն կինոն չէ. գորգագործության խմբակ ենք ստեղծել, որ արդեն երրորդ տարին աշխատում է: Մեր բոլոր մրցանակները բոլորը այդ երեխաների գործած գորգերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG