Մատչելիության հղումներ

Վերջին 10 տարում միայն Գյումրիում Եվրամիությունը 9 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել


Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, արխիվ
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին էր եկել հետևելու:

Գյումրիում ևս Եվրամիության ֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր են իրականացվել ու դեռ շարունակվելու են: Դեսպանը քաղաքապետի հետ հանդիպմանն ընդգծեց, որ վերջին 10 տարում միայն Գյումրիում Եվրամիությունը 9 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել:

«Երբ հետ ես նայում, կարելի է ասել՝ կոպիտ հաշվարկով 9 միլիոն եվրոյի աջակցություն է Եվրամիությունը տրամադրել միայն Գյումրի քաղաքին: Գումարն ուղղված է եղել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցություն է տրամադրվել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, սոցիալական ձեռներեցության զարգացմանն ենք նպաստել: Եվ այդ առումով Գյումրին կարելի է օրինակելի քաղաք համարել», - ասաց Վիկտորինը:

Եվրամիությունը զբոսաշրջությունը խթանող ծրագրեր է նախատեսում իրականացնել Հայաստանի հյուսիսային երեք մարզերում: Սակայն կորոնավիրուսը, ինչպես նշեց Անդրեա Վիկտորինը, ծրագրերի ընթացքը դանդաղեցրեց:

«Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք պետք է նպաստեին տուրիզմի զարգացմանը երկրում, մի փոքր, ըստ էության, դանդաղեցին՝ կապված COVID-19-ի հետ: Բայց կարծում եմ, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո կկարողանանք ավելի լավ, կայուն լուծումներ գտնել, ավելի հետաքրքիր ծրագրերի միջոցով նպաստել տուրիզմի զարգացմանը», - նշեց ԵՄ դեսպանը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց, որ անցած տարի տուրիստական բում ունեցած Գյումրիում զբոսաշրջային հոսքը նվազել է համաճարակի պատճառով: Արտաքին տուրիզմի բացակայության ֆոնին վերջին շրջանում նկատվում է ներքին տուրիզմի ակտիվացում:

«Շատ մեծ տուրիստական հոսք էինք սպասում նաև Ռուսաստանից, Եվրոպայից, ընդհուպ՝ Մերձավոր Արևելքից, ափսոս, որ էսպես ստացվեց: Բայց մենք հիմա շաբաթ-կիրակի օրերին ակնհայտ տեսնում ենք շատ-շատ տուրիստական մեքենաներ, որոնք գալիս են Երևանից, տուրիստական ընկերությունները արդեն տուրեր են կազմակերպում, և ոնց որ թե մոդա է դարձել Գյումրիում նկարվել և համացանցում երևալ տարբեր նկարներով, տարբեր փողոցների վրա», - նշեց Բալասանյանը:

Անդրեա Վիկտորինը Եվրամիության իրականացվելիք մեկ այլ ծրագրի մասին խոսեց, որն այս պահին ստորագրման փուլում է: Եվրամիությունը Եվրոպայի փորձը ցանկանում է կիրառել նաև Հայաստանում համայնքային ծրագրերի իրականացման հարցում:

«Ծրագրի շրջանակում ստեղծվում են տեղական դերակատարների խմբեր, որոնց միջոցով ստեղծվում են, մշակվում են ռազմավարություններ, որոնք ուղղված են կոնկրետ մարզի ու համայնքի զարգացմանը: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված է 75 դրամաշնորհային ծրագիր իրականացնել: Այս ծրագրով մենք սկսում ենք աշխատել ներքևից վերև, այսինքն՝ հաշվի առնելով համայնքի կարիքները, զարգացման ուղղությունները՝ հիմնված ռազմավարության վրա, որոնք ստեղծվել են տեղական դերակատարների խմբերի կողմից», - հայտարարեց ԵՄ դեսպանը:

Եվրոպացի դիվանագետը դատարկաձեռն չէր եկել: Եվրամիությունը նաև բնապահպանական ծրագրեր է իրականացնում և պոլիէթիլենային տոպրակների՝ կտորից տոպրակներով փոխարինման ծրագիր է սկսել: Դրանցից մեկը Վիկտորինը նվիրեց Բալասանյանին, որ այսուհետ գնումների գնալիս դրանից օգտվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG