Մատչելիության հղումներ

Քաղաքապետի կարծիքով՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չպետք է լինի


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չպետք է լինի, փոխարենը գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մարմին կամ խորհուրդ:

Գլխավոր ճարտարապետի պաշտոնը թափուր է արդեն մեկ ամիս:

«Այսինքն, էդ մի հոգու շուրջ հավաքված և կենտրոնացված պրոցեսը մենք բաշխելու ենք տարբեր մարդկանց վրա, և էստեղ արդեն էդ բազմակարծությունը շատ ավելի լավ էֆեկտ է ունենալու», - ասաց քաղաքապետը:

Այժմ այս ուղղությամբ քաղաքապետարանում աշխատանքներ են տարվում: Մարությանի խոսքով՝ գլխավոր ճարտարապետ նշանակելու հետ կապված կադրային խնդիր չկա: «Ես ուզում եմ գնալ ավելի թափանցիկ ճանապարհով: Որպեսզի քաղաքականությունը ընդհանուր քաղաքաշինական և ճարտարապետական Երևանի չլինի մեկ մարդու, մեկ անձի շուրջ և մեկ անձի պատկերացումով, ես մտածում եմ այս ամենը ավելի ընդհանրական սարքել և ավելի բազմակողմանի սարքել», - ընդգծեց քաղաքապետը:

Ճարտարապետ Սերգո Տոնոյանը, արձագանքելով Հայկ Մարությանի գաղափարին, ասաց՝ պետք է նախ հստակեցնել այդ մարմնի գործառույթները, թե ինչով է զբաղվելու, ինչպես է կանոնակարգելու ոլորտը:

«Եթե նախկին պես պարզապես մի մարդու փոխարեն որոշումներ է կայացնելու որևէ այլ մարմին և նույն ճանապարհով է այդ որոշումները կայացնելու, այսինքն, օրինակ՝ սեփական նախասիրությամբ, ճաշակով, հա՞՝ այստեղ թույլատրեմ կառուցել, կամ հարկայնություն որոշեմ, թույլ տամ, թե թույլ չտամ, եթե մի մարդու փոխարեն պետք է ինչ-որ տասը հոգի դա որոշեն, խնդիրը դրանով չի լուծվելու: Իմ պատկերացրածով՝ մենք պետք է ունենաք, այո, բավական մեծ, հզոր մի աշխատանքային խումբ՝ անունը ինչ ուզում եք դնեք, որը անդադար զբաղվելու է Երևանի քաղաքի քաղաքային պլանավորման մշակմամբ, այսինքն՝ մի պրոցեսով, որը որ այսուհետև ապագայում կբացառի որևէ սխալ քաղաքաշինական լուծումներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Տոնոյանը:

2018-ի հոկտեմբերից Երևան գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանը նախորդ ամիս ազատվեց այդ պաշտոնից: Քաղաքապետի խոսքով՝ պայմանավորվածություն կար, որ Մեսչյանը երկու տարով է պաշտոնավարելու, և այժմ այդ ժամկետը լրանում է:

Նշենք, որ հատկապես վերջին ամիսներին Մեսչյանի հասցեին քննադատություններ էին հնչում, որոնք առնչվում էին, րինակ, Ֆիրդուսի թաղամասին:

XS
SM
MD
LG