Մատչելիության հղումներ

Եղեգիս գետի 17 փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն


Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության լրատվականի

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պետրոսյանի կարգադրությամբ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի փոքր ՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը, նշված է հաղորդագրությունում:

Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերևացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու փոքր ՀԷԿ-երի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Նախարարը տվել է հստակ հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։

«Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև փոքր ՀԷԿ-երի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

«Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը», - շեշտում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG