Մատչելիության հղումներ

Սփյուռքի գործիչները վստահ են` Հայաստանի ապագան «կախված է զեղծարարությունների դեմ պայքարից»


Հայաստանի անկախության տարեդարձից մեկ շաբաթ առաջ «Արմենիուս» կայքում տեղ է գտել մի հոդված «Անկախություն կամ հակահեղափոխություն. պատասխանատվության ժամանակը» վերնագրով: Հեղինակներն են քաղաքական գիտությունների դոկտոր Թալին Փափազյանը, Էքս-Մարսել համալսարանի դասախոս և Փարիզի փաստաբանական գրասենյակի անդամ Ալեքսանդր Գյույումջյանը: Վերջիններս, ծավալուն այդ հոդվածում կանգ առնելով Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների և իրողությունների վրա, տեսակետ են հայտնել, որ Հայաստանի ապագան` իբրև անկախ և ինքնավար պետություն, կախված է զեղծարարությունների դեմ պայքարի ճակատագրից ու նրա հաջողությունից:

Այս եզրակացությանը գալու համար հիմք է ծառայել տավուշյան վերջին դեպքերի ժամանակ հայկական բանակի ունեցած հաջողությունների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե «բանակի հաջողությունները լավագույնս արդարացնում են այն պայքարը», որ իր կառավարությունը հանձն է առել զեղծարարությունների դեմ 2 տարուց ի վեր: Հակառակ որոշ կարծիքների, թե իր այդ հայտարարությամբ Փաշինյանի նպատակը քաղաքական առավելություն շահելն էր, վերոհիշյալ հոդվածի հեղինակները գտնում են, թե այն գալիս է իրավացիորեն ամրապնդելու զեղծարարության դեմ պայքարի առաջնահերթությունը:

Հեղինակները փաստարկել են. «Առաջնահերթություն, որովհետև երկրում կատարված պարբերական զեղծարարությունները խորապես խաթարել են պետության գործունեությունը, հարստացման նպատակով և անօրինականորեն երկրի քաղաքական լծակները գրավելը, նախագահ-խորհրդարան-նախագահ և ընդհանուր առմամբ բոլոր մակարդակների վրա ազգային եկամուտների մի մասի և արտասահմանից եկող ներդրումների յուրացումը, հարկային պարտականությունից ազատվելը ստեղծել է մաֆիոզ բնույթի մի համակարգ, որը խորապես այլափոխել է պետության գործունեությունը և ավերիչ ազդեցություն է ունեցել երկրի ինքնինշխանության վրա, շեշտել նրա աղքատությունը»:

Ծանոթ լինելով Հայաստանի իրականությանը` հեղինակները չեն մոռացել հիշեցնել «գույք պարտքի դիմաց» գործարքը, օրինակներից ամենացայտունը, ինչը, ինչպես նրանք նկատել են, «կախման մեջ է դրել երկիրը Ռուսաստանից»: «Զեղծարարությունների դեմ պայքարը առաջնահերթ է նրանով, որ դրանք վտանգել են Հայաստանի ազգային ապահովությունը», - գրել են նրանք` հիշեցնելով 2016 թվականի «ապրիլյան պատերազմում պարտությունը» և բանակում կատարված զեղծարարությունների ողբերգական հետևանքները: Նույն հոդվածի հեղինակները հիշեցրել են 2 տարվա ընթացքում զեղծարարությունների դեմ պայքարի շնորհիվ Հայաստանի ունեցած ձեռքբերումները, որոնցից առաջինը նրանք համարում են բանակի ամրապնդումը:

Նրանք զարգացրել են նաև այն միտքը, թե Հայաստանի ժողովրդի վճռականությունից է կախված թավշյա հեղափոխության արժեքների պաշտպանությունը: Հոդվածագիրներն այնուհետև քննադատում են նրանց, «ովքեր` անհատներ, թե քաղաքական կազմակերպություններ կանգնում են ժողովրդի ճանապարհին` ցանկանալով ետ բերել այն, ինչից նրանք այնքան օգտվել են` չվարանելով անգամ օգտագործել հսկայական միջոցներ, կատարվածի պատասխանատվությունից խուսափելու համար»:

«Ինչպիսի՞ անկախություն ենք ցանկանում տոնել մենք», - հարց են տալիս իրենց հոդվածի վերջում: «Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը, մենք կարող ենք միայն ողջունել, խրախուսել և նեցուկ լինել այն ջանքերին, որոնք տարվել են թավշյա հեղափոխությունից ի վեր մի օրինական կառավարության ղեկավարությամբ, ազգային շահերին ծառայող առաքինի պետության կառուցման համար»: Նրանք հորդորել են Հայաստանի ժողովրդին ստանձնել իր սեփական պատասխանատվությունը նույն այդ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG