Շաբաթ երեկոյան Վենետիկում ավարտվել է 77-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակին է արժանացել ԱՄՆ-ում բնակվող չինացի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը։ Փառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Արծաթե առյուծին» է արժանացել ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրոսավայի «Լրտեսի կինը» ֆիլմը։
Ռուսաստանցի Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» կինոնկարը, որ պատմում է 1962 թվականին Նովոչերկասկ քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին, ստացել է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը։ Ժյուրիի որոշման հրապարակումից հետո Կոնչալովսկին փառատոնի փակման արարողության բեմից հատուկ շնորհակալություն է հայտնել իր կնոջը` ֆիլմի գլխավոր դերակատար Յուլիա Վիսոցկայային, ինչպես նաև օլիգարխ Ալիշեր Ուսմանովին, որը հոգացել է կինոնկարի ստեղծման ծախսերը։