Այսօր վաղ առավոտյան Իրանում մահապատժի է ենթարկվել հայտնի ըմբշամարտիկ Նավիդ Աֆքարին։ Միջազգային հեղինակավոր մրցաշարերի մասնակից, Իրանում անցկացված մի շարք առաջնությունների հաղթող Աֆքարին իրանական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 2018 թվականին Շիրազ քաղաքում ծագած հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակցի սպանության համար։
Ինքը Աֆքարին դատաքննության ընթացքում հայտարարել է, որ սպանության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներն իրենից կորզվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների միջոցով։
Վերջին շաբաթներին ըմբշամարտիկի մահապատիժը կանխելու կոչով Իրանի իշխանություններին էին դիմել մի շարք հեղինակավոր արևմտյան կառույցներ և գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։