Մատչելիության հղումներ

Թիվ 114 դպրոցի տնօրենը կվերադառնա աշխատանքի. նախարարը չեղարկել է ազատման հրամանը


Երևանի թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյան
Երևանի թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանի թիվ 114 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու իր հրամանը։ Դպրոցը շուրջ 23 տարի ղեկավարող Ռուզաննա Կոստանյանն արդեն կարող է վերադառնալ աշխատանքի։

Ազատման հրամանը Կոստանյանը ստացել էր հունիսի 23-ին, երբ արտակարգ դրության օրերին դպրոցում հահակամաճարակային կանոնների խախտմամբ ատեստատների հանձնման արարողություն էր տեղի ունեցել։

Միջոցառման տեսանյութը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել՝ «պարող կինը պարզվում է` դպրոցի տնօրենն է»։

Կոստանյանն էլ իր հերթին դատի էր տվել ԿԳՄՍ նախարարին՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս որոշումը։ Այսօր «Ազատության» հետ զրույցում տնօրենն ասաց, որ համարում է, որ իրեն շանս են տվել:

Կոստանյանը թեև ընդունեց, որ սխալ է եղել, բայց եթե դատարանը որոշի, որ չպետք է այլևս տնօրեն աշխատի, կբողոքարկի. – «Բացթողում է իմ կողմից տեղի ունեցել, որի իրավունքը ես չունեի: Ուղղակի պահի ազդեցության տակ է դա եղել: Բայց նաև շատ ուրախ եմ, որ օրենքով գործեցին, ու իմ նկատմամբ դիրքորոշումը փոխվեց: Սա համարում եմ շանս: Մարդիկ անսխալական չեն լինում: Սա այնպիսի սխալ չի, որ ես պիտի չաշխատեմ: Ես ի վերջո մանկավարժ եմ, սիրում եմ իմ գործը, նվիրված եմ իմ գործին»:

Հարցին, թե արդյոք մինչև դատավարության մեկնարկը տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանը չեղարկելը վերջինիս տրված շանս է, ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի պետ Օվսաննա Բաղդասարյանն պատասխանեց, որ դա օրենքի պահանջն է. – «Նախարարի հրամանը չեղարկելը բխել է օրենքի սահմաններից: Եթե այն չչեղարկեինք, դա կլիներ հակաօրինական: Մեր հետագա բոլոր գործընթացները կապվում են դատարանի կողմից ապագայում կայացվելիք իրավական ակտի հետ, որի միջոցով դատարանը պետք է կայացնի իր որոշումը, որը կմտնի օրինական ուժի մեջ, որից հետո մենք կկարողանանք հետագայում արդեն շարունակել մեր անելիքները»:

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի խումբ օգտատերեր ԿԳՄՍ նախարարին գրել էին՝ մի՞թե հնարավոր չէ ներել թիվ 114 դպրոցի տնօրենին ու չազատել նրան աշխատանքից: Նախարարը պատասխանել էր, որ քովիդի մեծ ալիքով տարածման փուլում հատկապես կրթական հաստատությունների ղեկավարները պետք է ունենան առավել զգոնություն. – «Կարծում եմ, որ ես անձամբ չեմ կարող նման մարդկանց հետ աշխատել էս համակարգում, և նման մարդիկ չպետք է աշխատեն էս համակարգում, երբ որ կասկածի տակ է դրվում և վտանգվում է մեր երեխաների առողջությունը»:

Նախարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանի այս դիրքորոշումը չի փոխվել։

Հեղափոխությունից առաջ տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրություններում դպրոցների տնօրենները հիմնականում նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի վստահված անձինք են եղել: Մամուլն այդ տնօրենների շարքում հաճախ է նաև Ռուզաննա Կոստանյանին անունը նշել, թեև նա մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք կուսակցական չի եղել։

Կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանը տեղի ունեցածը համարում է հին և նոր համակարգերի բախում։ Նրա խոսքով, դպրոցները մնացել են փակ հաստատություններ և բոլորովին կապ չունեն դեմոկրատիայի հետ։ Սողոմոնյանի համոզմամբ, այս վիճակը փոխելու համար վերևից իջնող մեսիջները հստակ չեն և չեն հասնում հիմնական թիրախներին։

Անդրադառնալով այս օրերին, ի աջակցություն թիվ 114 դպրոցի տնօրենին համացանցում տարածվող ֆլեշմոբերին` փորձագետն ասաց. – «Հին ու նոր համակարգերի բախում է անշուշտ: Կրթությունը` իր 380 հազար աշակերտներով, ամենամեծ իշխանության ռեսուրսն է: Քանի դեռ էդ հին հանրապետական տրամաբանությունից դուրս չես հանել կրթությունը, ուրեմն իշխանությունը չես վերցրել: Քանի որ մեսիջների ոչ հստակություն կա... Կրթությունը էն ոլորտը չի, որ միայն իրավունքով առաջնորդվել, որովհետև էստեղ բովանդակությունն է կարևոր, արժեքային համատեքստը: Եվ տնօրենները շարունակում են իներցիայով վարվել էնպես, ինչպես իրենք կառավարել են»:

Սողոմոնյանը կարծում է, որ կառավարությունը պետք է սատարի դպրոցների տնօրենների երիտասարդ թեկնածուներին, դպրոցական փակ համակարգի դեմ ընդվզող ծնողներին, հակառակ դեպքում անգամ կրթական նոր չափորոշիչները չեն կարող իրավիճակը փոխել, և հին ու նոր համակարգերը հաճախ կբախվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG