Մատչելիության հղումներ

Ըստ բժշկի, հղիության արհեստական ընդհատման արգելքի դեպքում ապօրինի գործունեությունը ավելի մեծ թափ կհավաքի


«Այնքան ունենք դեպքեր, երբ որ գալիս է, ասում է՝ «ուզում եմ ընդհատեմ», նստում ես խոսում ես, ես կարող է իմ գործերը դնեմ մի կողմ ու ժամով խոսեմ մի անծանոթ կնոջ հետ», - ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հղիության արհեստական ընդհատում երբեք չի արել ու չի անի, սակայն թույլ չի տա իրեն քննադատել այն կանանց, որոնք տարբեր պատճառներից ելնելով՝ գնում են այդ քայլին։

«Միշտ կա և՛ կողմ, և՛ դեմ տարբերակը. մի կողմից, իհարկե, մենք շատ կուզենանք, ես շատ-շատ կուզենամ, որ մեր երկրում ծնելիությունը աճի, բայց ասել, որ դա պետք է անել աբորտները արգելելու միջոցով , ստիպելով չի, ավելի շուտ խրախուսելով է, նենց արեք, որ մարդիկ պայմաններ ստեղծեն, այնպես ապրենք, այնպիսի երկրում ապրենք, որ մարդիկ ուզենան շատ երեխա ունենան», - նշեց բժիշկը:

Այս հարցը նորից արդիական դարձավ այն բանից հետո, երբ երեկ ֆեյսբուքյան իր էջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրեց, որ կուսակից Շաքե Իսայանի հետ առաջիկա օրերին շրջանառության մեջ են դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։

«Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն իսկապես բավականին մեծ թիվ են կազմում, և այստեղ, այո, մենք ունենք նաև չծնված երեխայի իրավունքի հետ կապված խնդիր, դա արձանագրել են թե՛ միջազգային կառույցները և դա փաստ է», - ասաց Զոհրաբյանը:

Ըստ մասնագետի, հղիության արհեստական ընդհատումը արգելելով սելեկտիվ աբորտների հարցը չի լուծվի

Վերջին 5-6 տարիներին սելեկտիվ աբորտների նվազման միտում կա. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը թվեր է ներկայացնում՝ եթե 2015թ տղա-աղջիկ հարաբերակցությունը 115-100 էր, ապա 2019 թվականին տղաների թիվը 5-ով նվազել է՝ 110-100։ Մասնագետը, սակայն, վստահ է՝ հղիության արհեստական ընդհատումը արգելելով սելեկտիվ աբորտների հարցը չի լուծվի։

«Եթե մենք ուզում ենք խնդրին հիմնավոր լուծում տալ, պետք է նայենք պատճառներին. մենք կարծում ենք, որ եթե կարողանանք աղջկա, կնոջ դերը հասարակությունում բարձրացնենք, մենք կկարողանանք այս խնդրին լուծում տալ՝ երկարաժամկետ կտրվածքով», - նշեց Հարությունյանը:

Բժիշկ Տեր-Մինասյանը ևս կարծում է՝ նոր օրենքի անհրաժեշտություն չկա։ Գործող օրենքով յուրաքանչյուր կին կարող է հղիությունն ընդհատել մինչև 12-րդ շաբաթը: Ու սա, բժշկի պնդմամբ, պատահական ընտրված ժամկետ չէ։

«Սեռական օրգանները պտղի զարգանում են 12 շաբաթից հետո, այսինքն արդեն իսկ եթե մենք պահպանենք գոյություն ունեցող օրենքները, բոլոր այն աբորտները, որոնք արված են սեռով պայմանավորված, ապա դրանք արդեն իսկ խախտում են մեր գոյություն ունեցող օրենքը», - ասաց Վահե Տեր-Մինասյանը:

Արգելք լինելու դեպքում, ըստ բժշկի, ապօրինի գործունեությունը ավելի մեծ թափ կհավաքի, ինչն էլ ավելի վատ հետևանքների կարող է հանգեցնել. «Էս դեղը կխմի, էն դեղը կխմի, բոլորս այդ դեղերի անունները գիտենք: Կոտորվեցինք ասելով, որ այդ դեղերը տնային պայմաններում չի կարելի անել, թեկուզ դեղորայքային ընդհատումը պետք է արվեի բուժհիմնարկում, որովհետև դա կարող է բերել շատ ուժեղ արյունահոսության, կարող է այդ դեղերի արդյունքում ընդհանրապես էլ երբեք երեխա չունենան»:

Այսպիսի տխուր ավարտով պատմություններ գրեթե ամեն օր լսում են «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմաերպության աշխատակիցները։ «Ընկերուհիս պատմել էր, որ իր ծանոթներից մեկը խոտաբույսերից կարող է թուրմ պատրաստել, որը վիժում է առաջացնում: Ընկերուհիս մեկ ժամ հետո բերեց այդ թուրմը, ջրով բացեցի ու խմեցի: Երկու ժամից հետո մոտս արյունահոսություն սկսվեց, ամբողջ գիշեր արյունը գալիս էր: Տանեցիները իմացան, բայց լավ է՝ ոչ մեկի մտքով չանցավ, որ ես եմ միջամտել, որ սկսվի արյունահոսությունը: Առավոտյան գնացինք էլի հիվանդանոց, որովհետև շատ արյուն էի կորցրել, ասաց, որ մեռնելուց եմ պրծել: Ամուսինս փետրվարին մեկնեց Ռուսաստան, երբ հետ եկավ, արդեն ես նախապես մտածել էի՝ ոնց չհղիանամ: Բայց ես կյանքում չեմ մոռանա էդ ամենը»,- սա մի դրվագ էր կազմակերպության հրատարակած գրքույկից։

Այս պատմության հերոսը բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Կանանց իրավունքների պաշտպանները հանդիպել են դեպքերի, երբ կինը հղիացել է նաև ինցեստի հետևանքով։ Նոր նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է՝ այս հարցը պետք է դեռ քննարկվի։

Թեև 21-րդ դարում մարդիկ պետք է, որ տեղյակ լինեն հակաբեղմնավորիչ միջոցների մասին, այդուհանդերձ, դեպքերը տարբեր են լինում։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը կարևորում է մարդկանց ճակատագրերը։

«Ուրեմն պետք է տեղեկատվական արշավներ գնան այդ անցանկալի հղիությունների կանխարգելման միջոցների մասին». իրավապաշտպան

Անցանկալի երեխաները հետո հայտնվում են մանկատներում, կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է ավելացնում. «Դեպքեր ենք լսում, երբ կանայք ուղղակի նորածին երեխաներին կարող են թողնել որևէ կերպ՝ վնասել, գցել աղբանոցը, սպանել, դա ևս սոցիալական ռիսկ է, որի մասին պետք է մտածել: Անցանկալի հղիության արդյունքում, եթե ստիպում ես, կանանց մարմինները դառնում են գործիք երեխա արտադրելու, և ոչ թե նրա ցանկությամբ է դա կատարվում, ի՞նչ կարող է լինել դրանից հետո, առանց այդ էլ մենք հասարակության մեջ լուրջ խնդիր ունենք, երբ կինն անցանկալի հղիություն է ունենում, ո՞ւմ դիմի, ինչպե՞ս աջակցություն ստանա»:

Սա մանիպուլիացիա է, եզրահանգում է իրավապաշտպանը՝ պնդելով՝ նույն մարդիկ, ովքեր այսօր խոսում են աբորտների դեմ, ժամանակին էլ դեմ էին հակաբեղմնավորիչներին։

«Ուրեմն պետք է մասսայական քարոզչություն գնա և տեղեկատվական արշավներ գնան այդ անցանկալի հղիությունների կանխարգելման միջոցների մասին», - ասաց նա:

Հովհաննիսյանը ցավում է, որ այսօր այս թեման շրջանառում է ոչ միայն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, այլ նաև կինը։ Չի կարող այս ամենի մեջ չնկատել քաղաքական դիվիդենտներ հավաքելու հնարավորությունը։ «Փորձ է արվում քաղաքական խնդիրները լուծել նաև հետադիմական զանգվածները կոնսոլիադացնելով տվյալ քաղաքական ուժի շուրջ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG