Մատչելիության հղումներ

Հայաստանը բացում է իր օդային սահմանները


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Սեպտեմբերի 12-ից Հայաստանը բացում է իր օդային սահմանները, «Ազատությանը» փոխանցեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 11-ից հետո, երբ դադարի արտակարգ դրության ռեժիմը, կհանվեն Հայաստանի ընդունած բոլոր սահմանափակումները, կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր թույլտվությունները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:

Սա, ըստ Ռևազյանի, կարևոր քայլ է Հայաստանի կողմից, և հիմա պետք է սպասել գործընկերների արձագանքին. – «Շատ մեծ նշանակություն ունի, որ Հայաստանը հիմա սահմանափակումը հանում ա: Օրինակ, ունենք ավիաընկերությունների ցանկ, որ ասել են ընդհանրապես էս սեզոնում չեն թռնի, բայց կարող ա որ իմանան, որ Հայաստանը սահմանափակումը հանում ա, մոտեցումը փոխի: Հայաստանի կողմից էդ խնդիրը ոնց որ լուծվում ա հիմա: Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, որովհետև նույն Եվրոպան էլ պետք ա բացի, կամ բոլոր պետությունները պետք ա բացեն, որ հոսքը բավարարի, որ ավիաընկերությունը կարողանա չվերթը իրականացնի: Աշխատում ենք ավիաընկերությունների հետ: Մենք հիմա բոլոր ավիաընկերություններին համ զանգում ենք, համ նամակ ենք պատրաստում, որ սահմանափակումները հանվում են, որ ինչքան հնարավոր ա շուտ չվերթները իրանք կարողանան վերականգնել: Բայց վերջնական որոշումը, թե որ չվերթները կվերականգնվեն, դա ավիաընկերության ղեկավարությունն ա որոշում»:

Կառավարության նիստում այսօր վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ բանակցություններ են վարում, որպեսզի այս ամսվա ընթացքում մի շարք ուղղություններով կանոնավոր չվերթներ գործեն: Փոփոխություններ են նախատեսվում նաև արտերկրից ժամանած քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացում` 14-օրյա մեկուսացմանն այլընտրանք է առաջարկվում. – «Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ և 1 օրվա ընթացքում նրանց թեստի պատասխանը կլինի: Եվ եթե բացասական է պատասխանը, մարդն ուղղակի բացասական պատասխանով կարող է կարանտին չանցնել»:

Քաղավիացիայի կոմիտեից շեշտում են, որ չնայած Հայաստանը հանում է իր բոլոր սահմանափակումները, բայց կանոնավոր չվերթները վերականգնել թե ոչ, և ինչ ուղղություններով վերականգնել, կարող են որոշել միայն ավիաընկերությունները` պայմանավորված մի շարք գործոններով: Այդ թվում` թե այս պահին որքանով արդյունավետ կլինեն այդ ուղղությունները:

Տաթևիկ Ռևազյան. – «Քովիդի պատճառով որ օդանավերը կանգնած են էղել երկար ժամանակով, խնդիր կա, որ կարող ա կարիք ըլնի, որ նորից օդաչուներին վերապատրաստեն, որովհետև իրանք երկար ժամանակ չեն թռել: Կարող ա իրանք կիսադատարկ օդանավով էլ թռնեն, զուտ որ իրանց օդաչուն թռիչքային ժամեր կարողանա հավաքի: Տարբեր ֆակտորներ են ստեղ ազդում, թե որ չվերթները կլինեն և չեն լինի: Դրա համար շատ դժվար ա մեզ համար հիմա հստակ բան ասել»:

Ավիաընկերությունների համար կարևոր գործոն է նաև այն, թե Հայաստանի քաղաքացիների համար որ երկրներն են բացում իրենց սահմանները: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պարզաբանմամբ` դա անընդհատ թարմացվող և ամեն պահի փոփոխման ենթակա ինֆորմացիա է: Հայաստանի հետ օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ վերջին պայմանավորվածությունը եղել է Ուկրաինայի հետ: Եվրոպական երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքը հիմնականում արգելված է:

Աննա Նաղդալյան. – «Ինչպես գիտեք, տարբեր երկրներում դեռևս շարունակում են ուժի մեջ մնալ օտարերկրյա քաղաքացիների մուտքը սահմանափակող որոշումները: Եվ այդ առնչությամբ մեր քաղաքացիներին խստագույնս հորդորում ենք որևէ երկիր ճամփորդություն կազմակերպելու պարագայում նախապես ճշտել տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունից, թե այդ պահին այդ երկրում օտարերկրացիների մուտքի հետ կապված ինչ սահմանափակումներ են գործում»:

Դեռևս պարզ չէ, թե արտակարգ դրության ավարտից հետո Հայաստանի կառավարությունը ինչ որոշում կկայացնի ցամաքային սահմանների վերաբերյալ: Գործող կարգավորումներով այդ արգելքը տարածվում է նաև Հայաստանի քաղաքացիների վրա:

Մարտ ամսից շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կփոխարինվի կարանտինի ռեժիմով, ինչի վերաբերյալ որոշում գործադիրն ամենայն հավանականությամբ կընդունի վաղը:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն իրական է. – «Երկրներ կան, որոնք չորս ամիս առաջ հայտարարել են, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, էսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում, ընդհուպ պարետային ժամի ռեժիմի են վերադառնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG