Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հուշարձանը կտեղադրվի Մանկական այգում


Երևանու ավագանու նիստ
Երևանու ավագանու նիստ

Երևանի ավագանում այսօր կայացրած որոշմամբ (34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ), Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանը, որի հեղինակը 2008-ի դեպքերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում:

Նախքան քվեարկությունը պատմության այս տխուր էջերից հիշողություններ, ոգեկոչման, հիշատակի խոսքեր հնչեցին, քաղաքական գնահատականներ տրվեցին:

«Հիմա այլ մթնոլորտ է: Դրսում պահանջատեր քաղաքացի, իսկ նրա թիկունքում` ամուր ժողովրդավարություն: Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը այլևս իր տեղում է լինելու, բայց արդեն քաղաքացու պահանջով և արդարության ծարավով լցված ժողովրդի կամքով», - ասաց «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Խաչատրյանը:

«Եվ այսօր էլ, Մարտի 1-ից տասներկու տարի անց, Մարտի 1-ի պատասխանատուները շարունակում են մնալ ազատության մեջ: Եվ քանի դեռ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ չի բացահայտվել, և քանի դեռ դրա պատասխանատուները իրենց արժանի պատիժը չեն կրել, մենք չենք կարող սա համարել որպես մխիթարանք», - նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

Սակայն հուշարձանի տեղադրման վայրին դեմ քվեարկողները`»Իմ քայլից» Արսեն Կարապետյանն ու Լևոն Զաքարյանն իրենց ելույթներում ընդգծում էին, որ քննադատություն ու անհամաձայնությունը պայմանավորված է այլ խնդրով:

Լևոն Զաքարյան. – «Կապված տեղի հետ, պիտի մենք նաև անդրադառնանք այն միջավայրին, որտեղ տեղադրվելու է հուշակոթողը: Իսկ հուշակոթողը տեղադրվելու է մի այգում, որտեղ շինարարական ինչ-որ կիսատ թողնված կառույցներ կան: Էդ այգու մասին խոսել եմ երկու տարի առաջ, և դեռ շարունակում ենք խոսել էդ այգու կիսակառույցների մասին»:

Արսեն Կարապետյան. – «Ինքը արձանը իր հորինվածքով պատ է, որը ընդհանրապես տրամաբանական հակասության մեջ է մտնում թափանցիկ պարիսպը, ծառերը և այգին փողոցի հետ կապելու գաղափարախոսությանը: Բացարձակ ուրիշ տրամաբանություն ունի այդ պատնեշը: Ես դա ընկալում են, շատ ներողություն, չեմ ուզում վիրավորել քանդակագործին` շատ հարգելով, դա կցակառույց եմ դիտարկում: Որովհետև դա միջամտություն է մի ստացված կոմպոզիցիայի մեջ, որ շատ քիչ է պահպանվել Երևանում, բերում ենք ինչ-որ մի բան ենք մտցնում` առանց հասկանալու: Ես ինչքան հասկացա, քանդակագործն էլ այդքան երջանիկ չի վայրի ընտրման կապակցությամբ: Մենք էլի օրինակներ ունենք, երբ որ լավ աշխատանքները սխալ տեղում դրված լինելու պատճառով կորցրել են իրենց արժեքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG