Մատչելիության հղումներ

Բադասյան․ Դատաիրավական բարեփոխումները կոնկրետ գործի հետ կապելը ճիշտ չէ


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումները որևէ գործի քննության հետ կապելը:

Նախարարն այսպես արձագանքում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և տուժողների հայտարարությանը իրենց մասնակցությունը դատավարությանը դադարեցնելու մասին:

Բադասյանն ասում է, թե առանձին գործի վերաբերյալ մեկնաբանություն տալ չի կարող: Այդուհանդերձ ընդունում է, որ Քոչարյանի գործով դատաքննությունը ձգձգելու միտումներ ինքը ևս նկատել է. – «Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ, այսպես ձևակերպեմ` արդարադատությունից խուսափելու... էս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ որ ինքնաբացարկի հիմքեր չկան... Բնակաբար, բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:

Սակայն Բադասյանն այստեղ իր անելիքը չի տեսնում: Նրա խոսքով, դատական համակարգը առանձին ճյուղ է` իր անկախության երաշխիքներով: Մինչդեռ Մարտի 1-ի գործով տուժողները իրենց քայլը իշխանությանն ուղղված ազդակ են համարում ու սպասում են փոփոխությունների:

Ռուստամ Բադասյան. – «Ճիշտն ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ, դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են ու բավական ինտենսիվ ընթացքի մեջ են, ու բազմիցս մենք պարզաբանել ենք թե' էդ բարեփոխումների էությունը, թե' բովանդակությունը, թե' կոնկրետ ձեռնարկվող քայլերը: Կարծում եմ, ամեն դեպքում, ճիշտ չի կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը: Իսկ կոնկրետ գործի մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը նախարարին հորդորում է ամբողջությամբ լսել իրենց վերջին ասուլիսն ու դրա ընթացքում հնչեցված հիմնավորումները: Օրինակ, ասում է, ամիսներ շարունակ դատարանը քննարկում էր այս գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի առողջության և բուժման հարցը: Այնինչ Քոչարյանն ազատության մեջ հիվանդանոցային բուժում չի ստանում:

Սարգիս Քլոյանը պնդում է, թե սա հենց այն գործն է, որից ելնելով պետք է հետևություններ արվեն դատական համակարգին բարեփոխումների մասով, քանի որ տարիներ շարունակ քաղաքական կամքի բացակայության պատճառով է, որ Մարտի 1-ի մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել. – «Որովհետև դատավարություն չի գնում: Մենք տարիուկես գնում-գալիս ենք, գնում-գալիս ենք: Ինչքա՞ն կարանք գնանք-գանք»:

Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Արթուր Սաքունցը այսօր այս թեմայով հրավիրված ասուլիսին հայտարարեցին, թե Մարտի 1-ի գործը դատական համակարգում եղած խնդիրների մասին վկայող միակ օրինակը չէ, բայց ակնառու կերպով ցույց է տալիս, որ անպատժելիությունը հաղթեց հեղափոխությանը:

Արթուր Սաքունց. – «Ձախողման պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, որ ոչ թե դատաիրավական համակարգը իր ձեռքերում է հավաքել, այլ որ ինքը չկատարեց արմատական փոփոխություններ դատաիրավական համակարգում, որպեսզի նա կարողանար իրականացնել արդարադատություն»:

Նինա Կարապետյանց. – «Մենք երկուս ու կես տարի հեղափոխությունից հետո էկանք կանգնեցին կոտրած տաշտակի առաջ: Մենք խոսում ենք միայն Մարտի 1-ի գործի մասին: Ես ձեզ հավատացնու եմ` նույն վիճակն ա մնացած բոլոր գործերով: Առավել հայտնի հանրությանը, որպեսզի ավելի պատկերավոր լինի. խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերով նույն այլանդակ վիճակն ա, խոշտանգումների գործերով նույն վիճակն ա... Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի վստահ լինի, որ կա մարմին, որտեղ որ ցանկացած հարց արդարությամբ և արդարադատությամբ պիտի լուծվի: Մենք չենք ունեցել և չունենք այդպիսի մարմին»:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հստակ չեն ձևակերպում, թե որ դեպքում կշարունակեն մասնակցել դատական նիստերին: Նրանք սպասում են իշխանության քայլերին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել հեղափոխությունից հետո` 2018 թվականի հուլիսի 26-ին: Ավելի քան երկու տարի անց բուն գործի քննությունն այդպես էլ չի մեկնարկել անընդհատ ներկայացվող միջնորդությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG