Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանը պահանջում է քանդել ապօրինի շինությունը


Գյումրիի պատմական հատվածում՝ Կումայրի արգելոցի տարածքում, պատմական շենքերից մեկի վրա սեփականատիրոջ կողմից երկրորդ հարկի կառուցումը հանրային բողոքի պատճառ է դարձել։

Հիմնականում 19-րդ դարի շինություններ ընդգրկող պատմական արգելոցում ցանկացած շինարարական փոփոխություն պետք է համայնքի, ապա նաև Մշակույթի նախարարության հետ համաձայնեցվի: Առանց թույլտվության ցանկացած շինարարություն ապօրինի է համարվում ու ենթակա է քանդման։

Այդուհանդերձ լայն քննարկման առարկա դարձած «Հայ Ասպետ» հյուրատան սեփականատեր Մարինա Բազաևան չի ընդունում, որ իրենք ապօրինի շինարարություն են իրականացնում. – «Յուրաքանչյուր անձրևի ժամանակ ամբողջ տունը մինչև առաջին հարկ ողողվում էր ջրով: Եվ շենքը փչանում է շենքը: Դրա համար մենք շտապում ենք, մենք դիմումը վաղուց ենք ներկայացրել քաղաքապետարան, և կարծում էինք, որ զուգահեռ էդ գործընթացը տեղի կունենա: Իսկ հետո ինչ-որ բարիկամեցող մարդիկ գրեցին` կարծելով, որ մենք իրենցից ցածր գիտակցություն ունենք և թողնելու ենք էս վիճակում: Հիմա էս է պատմությունը... ըստ օրենքի, քանի որ ապօրինի շինություն է, չնայած մենք ոչ մի այլ մարդու տարածք չենք զբաղեցրել, ըստ գծագրի ենք կատարում աշխատանքները, պետք է քանդենք»:

Ցույց տալով, թե նախկինում ինչ տեսք է ունեցել շենքը՝ սեփականատերը հակադարձում է քննադատությանը. – «Սա մենք ենք վերակառուցել ու բերել էս վիճակի: Էնպիսի չի, որ ինքը էս տեսքն է ունեցել...»

Շինարարական աշխատանքները դադարեցված են: Այսօր Բազաևային քաղաքապետարան էին հրավիրել, որպեսզի երկրորդ հարկի ապօրինի շինարարությունն ապամոնտաժելու պարտավորագիր ստորագրի. – «Ասել են, որ պետք է քանդենք»:

Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանն ասում է, որ մինչև համապատասխան թույլտվությունը չլինի, հյուրատան սեփականատերն իրավունք չունի շինարարություն իրականացնել. – «Ինքը շինարարական աշխատանքներ է կատարում, մեզ պիտի դիմի: Ինքը նամակ էլ է ուղարկել մեզ, այդպես էլ պատասխանել ենք, ես բանավոր էլ իրեն ասեցի, որ ինքը պիտի ներկայացներ էսքիզային նախագիծ, էդ նախագիծը քաղաքաշինական խորհուրդը կդներ քննարկման, և եթե հավանություն ստանար, մենք ուղարկելու էինք դա մարզպետարան, էնտեղից... Նախ այդ շենքը հուշարձան շենք է, հետո Կումայրի արգելոցի մեջ է գտնվում, պարտադիր համաձայնեցման պիտի գնար էսքիզային նախագիծը Մշակույթի նախարարություն և Քաղաքաշինության կոմիտե: Էնտեղ եթե համաձայնություն տային, արդեն կուղարկեինք մեզ, ըստ այդմ մենք... շինթույլտվություն էին տալու, որպեսզի ինքը... Նաև ասեմ, որ ստեղ նաև սեյսմիկից էր անհրաժեշտ փաստաթուղթ, որովհետև մենք չգիտենք էդ շենքի հիմքը կայուն է...»

Դեպքով արդեն վարչական վարութ է հարուցվել և հյուրատան սեփականատեր կարող է նաև տուգանվել. – «Եթե մասնավորը իր հողի վրա է սկսել ապօրինի կառուցապատում, 200 հազար տուգանք է: Եվ զգուշացվել է ինքը, որ եթե շարունակեց, արդեն 2,5 միլիոն տուգանք կլինի, և քանդելը պարտադիր է:

Փոխքաղաքապետն ասում է, թե ապօրինի շինություններն ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ` հավելելով, թե մարդիկ մի գիշերում շինություն են կառուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG