Մատչելիության հղումներ

Նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերվում մարզային 36 թանգարանների


Թանգարան Հայաստանում, արխիվ

ԻԿՕՄ-ի հայաստանյան մասնաճյուղի (Թանգարանների միջազգային կոմիտեի) հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվում է մի ուշագրավ ծրագիր՝ «ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց- թանգարանների համար»:

Արդեն իսկ մեկնարկել է ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում նախատեսված էր նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել մարզային 36 թանգարանների:

«Ազատության» հետ զրույցում ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը շեշտում էր, որ դեռ ամիսներ առաջ, երբ փակվեցին թանգարանները, իրենք ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ իրականացրել են Հայաստանի թանգարանների և արգելոց–թանգարանների կարիքների գնահատում, որի հիման վրա էլ կազմակերպել են իրենց աջակցության ծրագիրը:

Ավագյան. – Բազմաթիվ թանգարանների աշխատակիցներ մասնակցեցին հարցմանը, և դրա հիման վրա մենք սկսեցինք արդեն աշխատել ոլորտի այն միջազգային և ազգային կառույցների հետ, որոնք կցանկանային աջակցել: Արտաքին արձագանքը ստացել են ԱՄՆ ՄԶԿ «Իմ Հայաստան» ծրագրից. իրենք իրենց այս տարվա ճանապարհորդությունների և կեցության համար նախատեսված գումարների խնայողությունը որոշեցին ուղղել մարզային թանգարանների և արգելոց-թանգարանների քովիդի հետևանքների հաղթահարմանը: Եվ երկու ամսվա մեջ կազմակերպեցինք հինգ մարզերում` Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր և Սյունիք, 36 թանգարանների և արգելոց-թանգարանների համար նախնական աջակցություն: Չենք բացառում հետագայում նաև այս թանգարանների ներառումը: Բայց ես շատ կարևորում եմ հատկապես նյութատեխնիկական աջակցությունը այս թանգարանների, որովհետև հայտնի է, որ թանգարաններում բավականին սուղ են տեխնիկական միջոցները, հատկապես մարզային թանգարաններում: Նույնիսկ Երևանում էլ բազմաթիվ թանգարաններ կան, որտեղ շատ հին է տեխնիկան, կամ նույնիսկ չկա: Մենք այս ծրագրով մի շարք մարզային թանգարանների տրամադրեցինք շարժական համակարգիչներ և կիսապրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատներ: Դա նաև պայմանավորված է նրանով, որ համավարակով պայմանավորված փակվելուց հետո թանգարանները իրենց աշխատանքը տեղափոխեցին առցանց հարթակ: Եվ շատերը էստեղ դժվարություններ տեսան:

«Ազատություն». – Փաստորեն առաջին փուլը գրեթե ավարտել եք, այո՞:

Ավագյան. – Առաջին փուլը ավարտեցինք, հիմա աշխատում ենք երկրորդ փուլի ուղղությամբ:

«Ազատություն»․ - Ի՞նչ սկզբունքով են ընտրվել թանգարանները, որոնց որոշեցիք աջակցել:

Ավագյան. – «Իմ Հայաստան» ծրագիրը ի սկզբանե երբ որ ստեղծվել է, հաստատվել է Հայաստանում, իր գործունեության իրականացման համար շահառու տարածքները ընտրել է այս հինգ մարզերը: Դա պայմանավորված է միայն «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության աշխարհագրությամբ: Օրինակ, տեխնիկան շատ լուրջ, ֆունդամենտալ աջակցություն է թանգարաններին, որովհետև տարիներ շարունակ նման տեխնիկա շատերը չեն ունեցել, և դա միանշանակ նպաստելու է ոչ միայն իրենց հանրահռչակման գործերին, այլ նաև հավաքածոների թվայնացման, գիտահետազոտական աշխատանքների իրականացման և այլն:

«Ազատություն». – Ձեր կարծիքով, մեր թանգարանների ամենակարևոր հիմնախնդիրներից մեկ-երկուսը որոնք են:

Ավագյան. – Ես ավելի ոլորտային կասեմ: Մենք ունենք կառավարման և ֆինանսավորման մոդելի ոչ արդյունավետ իրավիճակ այս պահին, և հատկապես օրենսդրական դաշտը: Հիմա գիտեմ, որ «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը քննարկման փուլում է: Շենքային խնդիրներ ունեն թանգարանները, մասնագիտական հաստիքացուցակային խնդիրներ ունեն, որ պետք է լուծել: Մենք վերջերս հանդիպում ենք ունեցել նախարար Հարությունյանի հետ, բոլոր հարցերը քննարկել ենք և հույս ունեմ, որ առաջիկայում աշխատելու ենք այդ ուղղությամբ համատեղ, որպեսզի քայլ առ քայլ փորձենք լուծումներ գտնել: Ի վերջո, սրանք մեկ օրում արվող բարեփոխումներ չեն, բայց պետք է նախ մշակութային քաղաքականության մեջ կոնկրետ ռազմավարություն ունենալ և էդ բարեփոխումները անելու քաղաքական կամք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG