Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2020» զորավարժությունները


«Վրաստանը պարտավոր է անդադար ջանքեր գործադրել իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար», - այսօր Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմաբազայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող «Արժանի գործընկեր 2020» (Noble Partner 2020) զորավարժությունների հանդիսավոր բացման ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

«Արժանի գործընկեր 2020» զորավարժությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն, դրանց գլխավոր նպատակը Վրաստանի բանակի մարտունակության բարձրացումն է։ Այս զորավարժությունները մեր բանակի համար առանցքային նշանակություն ունեն նախևառաջ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման համատեքստում։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ նման զորավարժությունների անցկացումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղ կյանքի, ողջ երկրի համար խաղաղության պահպանման երաշխիք են», - հայտարարում էր Գախարիան՝ երախտագիտություն հայտնելով Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացնող այն պետություններին, որոնք այս տարի ևս չնայած կորոնավիրուսի համաճարակին որոշեցին չհրաժարվել Վրաստանում 2015 թվականից անցկացվող ամենամյա այս զորախաղերին մասնակցելուց։

Այսօր մեկնարկած զորավարժությունների մասնակիցների թիվը բավական մեծ է՝ շուրջ երեք հազար զինծառայող հինգ պետություններից։ Վրաստանից բացի, «Արժանի գործընկեր 2020» զորախաղերին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի զինվորականները։ Պաշտոնական Թբիլիսիի համար, սակայն, առանցքայինը զորավարժություններին ամերիկացի զինվորականների ակտիվ մասնակցությունն է։

«Այս զորավարժությունների հյուրընկալումը Վրաստանի կողմից միանշանակորեն վկայում է, որ մեր երկրի և Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությունը երբեք նման բարձր մակարդակի վրա չի եղել։ Այս զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ, և դրանց հիմնական ուղերձը հետևյալն է՝ ուժը գործընկերության մեջ է։ Այդ գործընկերությունը զարգացնելու ցանկությունն է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին այսօր այստեղ է հավաքել ավելի քան 2 հազար 700 զինվորականների Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Զորավարժություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի զինվորականների շարքում, սակայն, ամերիկացի զինվորականներն առանձնանում են իրենց ակտիվությամբ։

Ամերիկացի առաջին զինծառայողները Վրաստան ժամանեցին զորավարժությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ բառացիորեն օդով։ Միացյալ Նահանգների զինված ուժերի 135-րդ դեսանտային բրիգադի զինծառայողներին, որոնց մշտական տեղակայման վայրը իտալական Վիչենցա քաղաքն է, Hercules մակնիշի ռազմա-տրանսպորտային օդանավից պարաշյուտներով Թբիլիսիի մերձակայքում դեսանտավորեցին սեպտեմբերի 1-ին։

Երկկողմ ռազմական համագործակցության ևս մեկ ցուցադրություն դարձավ ամերիկյան ցամաքային ստորաբաժանումների ժամանումը Վրաստան։ Նախօրեին Փոթիի նավահանգստում ափ իջեցվեց զորավարժություններին մասնակցող ամերիկյան զրահատեխնիկան։

Ամերիկյան և վրացական դրոշներով մեկ տասնյակից ավելի զրահամեքենաներն ու տանկերը մի քանի ժամում հատեցին Վրաստանի ողջ տարածքը՝ արևմուտքից արևելք` կիրակի ուշ երեկոյան ժամանելով Վազիանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG