Մատչելիության հղումներ

Փուչ օրակարգով ուժերը օկուպացրել են ընդդիմադիր դաշտը Հայաստանում, ասում է Ռուբինյանը


Փուչ օրակարգով ուժերը օկուպացրել են ընդդիմադիր դաշտը Հայաստանում, Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ հայտարարում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտի ակտիվությունը, թեժ աշուն կամ ակտիվ հանրահավաքային շրջան կարո՞ղ է սկսվել:

Ռուբեն Ռուբինյան. – Չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշտում ակտիվություն կա, և չեմ կարծում նաև, որ որևէ թեժ զարգացումներ կարող են լինել, բայց չեմ կարծում, ոչ թե որովհետև մենք ինքնավստահ ենք չափից շատ կամ կարծում ենք, որ մենք իդեալական ենք, այլ որովհետև այն ուժերը, որոնք հայտարարում են ակտիվության մասին կամ ինչ-որ օրակարգեր են ուզում ստեղծել, իրականում չունեն օրակարգ կամ ունեն փուչ օրակարգեր: Որովհետև եկեք, տեսնենք` ովքեր են թեժացում սպասում, կամ ովքեր են ամեն օր հայտարարում, որ օր առաջ պետք է երկիրը փրկել այս ազգադավ կառավարությունից: Մի ուժը չի համակերպվում այն փաստի հետ, որ տասնամյակներով ՀՀԿ-ի կոալիցիոն կցորդ լինելուց հետո այլևս խորհրդարանում ներկայացված չէ կամ կոալիցիայում չէ: Մյուսի ղեկավարը պաշտոնանկ լինելուց հետո նեղսրտած է: Մյուսի ղեկավարը, երբ իմացավ, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու, փորձեց սուր հայտարարություններ անել, որպեսզի հետագայում մեղադրանքը որակի որպես քաղաքական ճնշում:

Այսինքն, որպեսզի լինի իրական ընդդիմադիր օրակարգ, անհրաժեշտ են իրական երևույթներ, իրական մտահոգություններ, իրական մոտիվացիաներ, այս ուժերի մոտիվացիաները նեղ ուժային կամ նեղ անձնային են, իրականության հետ կապ չունի: Ես նույնիսկ նկատում եմ, որ իրենց լեզվում օգտագործվում են այն խոսույթները, որոնք նախկինում Հանրապետական իշխանության օրոք օգտագործում էին տարբեր ընդդիմադիր ուժեր, ասենք` օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից, այս իշխանությունները մեզ տանում են անդունդ, երկիրը կործանվում է, նրանք թալանում են: Ես հասկանում եմ` ինչու են այս արտահայտությունները օգտագործում, որովհետև իրենք իրենց կյանքում ընդդիմադիր չեն եղել և չգիտեն ինչպես լինել ընդդիմադիր, և իրենց թվում է` եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ սուր ելույթներ էր ունենում, ապա իրենք եթե նույն խոսքերի մի մասն օգտագործեն, իրենք պիտի հաջողության հասնեն, բայց իրենք չեն հասկանում, որ մի բան է, երբ որ երկրում իրոք ավտորիտար համակարգ է, և դու խոսում ես ավտորիտար համակարգի անթույլատրելիության մասին, մարդու իրավունքների խախտման մասին, խոսում են այն մասին, որ Հայաստանին վտանգներ են սպառնում, մի բան է, երբ որ երկրում ժողովրդավարություն է հաստատված, և ոչ մի բանական մարդու մտքով չի կարող անցնել, որ նոր իշխանությունները ճնշում են մարդու իրավունքները կամ քաղաքական հակառակորդներին, և ասում ես այդպիսի բաներ: Սա ուղղակի անհեռանկար ճանապարհ է այդ ուժերի համար:

Իրականում այսպիսի ընդդիմություն ունենալն ուղղակի երազանք է ցանկացած իշխանության համար, եթե նեղ կուսակցական տեսանկյունից նայենք, սա ուղղակի երազանք է մեզ համար, բայց որպես քաղաքացի կամ դիտարկելով Հայաստանի շահը` ես կարծում եմ` սա մեծ խնդիր է, որովհետև փաստորեն փուչ օրակարգով ուժերը օկուպացրել են ընդդիմադիր դաշտը Հայաստանում և այս անպտուղ աղմուկով խլացնում են իրական նոր ձևավորվող ուժերին կամ փակում են նոր ուժերի` ընդդիմադիր, բայց անկեղծ ուժերի ձևավորման ճանապարհը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG