ԱՄՆ նախագահի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը գիրք է հրատարակել, որտեղ պնդում է, թե Դոնալդ Թրամփը հիացած է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինով, որովհետև նա ընդունակ է վերահսկելու ամեն ինչ՝ մամուլից մինչև ֆինանսական ինստիտուտներ։
Մայքլ Քոհենը գրել է, որ Թրամփը հիացած է Պուտինով, քանի որ Ռուսաստանի ղեկավարը կարող է ամբողջ երկիրը իր վերահսկողության տակ վերցնել ու կառավարել ինչպես սեփական ընկերություն, այնպես, ինչպես ասենք «Թրամփ կազմակերպութունը»։
Թրամփի նախկին հավատարիմ օգնականը 3 տարվա ազատազրկման պատիժ է կրում դաշնային բանտում Կոնգրեսին ստելու համար։
Նրա «Disloyal: A Memoir» գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերի 8-ին, բայց ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ նախապես ստացել են նրա գիրքը ու սեպտեմբերի 5-ին հրապարակել են որոշ հատվածներ։
Քոհենը գրքում կրկնել է Թրամփի հասցեին իր խիստ բացասական որակումները` նրան համարելով «խաբեբա, ստախոս, ռասիստ», ում ինքը կուրորեն հավատարիմ էր, բայց հիմա ցանկանում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններով նա հեռանա պաշտոնից։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Քոհենի պնդումները` ասելով, թե բազմաթիվ հետաքննությունները չեն հայտնաբերել որևէ դավադրություն Թրամփի նախընտրական թիմի և Մոսկվայի միջև։
2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով, 2018-ի աշնանը Մայքլ Քոհենը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, որ ստել է Կոնգրեսին։ Այն ժամանակ Թրամփն ասել էր, թե Քոհենը ամեն ինչ անում է մեղմ պատիժ ստանալու համար։ «Նա պարզապես ամեն ինչի մասին ստում է»,- ասել էր Թրամփը։