Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյան. Հաջորդ տարի Երևանում ունենալու ենք ամբողջական ներդրված պարեկային ծառայություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, և կառավարության այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Մինչև օրակարգի հաստատումը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտահոգություն հայտնեց 33-րդ հարցի առնչությամբ։ Դրանով նախատեսվում է բյուջեում վերաբաշխում կատարել և պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման համար հատկացնել ավելի քան 640 մլն դրամ։

Ջանուջուղազյանը հայտարարեց, որ պետք է այլ աղբյուր գտնել, որովհետև Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է. – «Չի քննարկվել ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված։ Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ էս ձևով ընդունելու դեպքում ինքը ձևակերպման և իրականացնելու խնդիր կառաջացնի, որովհետև Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է գործնականում ամբողջությամբ: Հետևաբար կառաջարկեի մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել նաև Պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, նոր հաստատել»:

Պահուստային ֆոնդից շուրջ 2 մլրդ դրամ էլ հատկացվեց Ոստիկանությանը` նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հավելեց, որ ավտոմեքենաներից 10-ը Հայաստան կհասնեն նոյեմբերի 1-ին, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին։ Ֆինանսների նախարարը նշեց, որ Ոստիկանության բարեփոխման ծրագրի շրջանակներում կատարված այս փոփոխությանը աջակցելու պատրաստակմություն էր հայտնել Եվրամիությունը, որի տրամադրած դրամաշնորհն էլ հետագայում կուղղվի Պահուստային ֆոնդ։

Ծրագրի ընթացքի մասին որոշակի մանրամասներ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. – «Սպասվում է հոկտեմբերից մեկնարկող 5-ամսյա դասընթացի փուլ, մրցույթը կազմում է մոտ մեկ տեղի համար երեք անձ: Ընդ որում, մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Հիմա արդեն մեկնարկում ենք մրցույթը, որպեսզի ընտրություն կատարենք 770 հոգու համար»:

Պարեկային ծառայությունը իր մեջ միավորելու է ճանապարհային ոստիկանությունն ու պարեկապահակային ծառայությունները։
Պարեկային ծառայության հետ գործարկվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը ձեռք է բերվելու աշնան ընթացքում։

Տիգրան Ավինյան. – «Այսինքն մենք հաջորդ տարի Երևանում ունենալու ենք ամբողջական ներդրված պարեկային ծառայություն»:

Ի դեպ, նիստի սկզբում փոխվարչապետ Ավինյանը տեղեկացրեց, որ Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանը դիրքը բարելավել է 19 կետով և 193 երկրների ցանկում զբաղեցնում է 63-րդ տեղը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության ևս մեկ կարևոր գործիք, խոսքը change.org-ի հայկական տարբերակի մասին է. – «Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ կոնկրետ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG