Մատչելիության հղումներ

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում. Արցախի արտգործնախարար


Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը զրուցում է «Ազատության» հետ, 3 սեպտեմբերի, 2020թ.
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը զրուցում է «Ազատության» հետ, 3 սեպտեմբերի, 2020թ.

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». – Երեկ լրագրողների հետ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսեց, բնականաբար, նաև ղարաբաղյան բանակցություններից: Ինքը շատ թերահավատ էր բանակցությունների հեռանկարի հետ կապված, ասաց, որ իր համար ավելի կարևոր է անվտանգության հարցը, քան միջազգային ճանաչման հարցը: Դուք ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Մասիս Մայիլյան. - Նախագահը նաև ասաց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կազմակերպում օրինակ` Հայաստանի Հանրապետության պետական տարածքների վրա` Տավուշի ուղղությամբ, և այդ ատելության քարոզչությունը կա այնտեղ և այլն, այս պայմաններում որևէ սպասումներ չունի, այսինքն` սա շատ կարևոր է նշել, որ մթնոլորտ է, ինչ մթնոլորտում կարելի է սպասել ինչ-որ առաջխաղացում, ինչ մթնոլորտում կարելի չի սպասել: Այս կոնտեքստում մենք պետք է նայենք: Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է:

«Ազատություն». - Արցախի նախագահը երեկ խոսեց նաև, բնականաբար, ղարաբաղյան բանակցություններից, ասաց, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցվում էր, քննարկվում էր երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, երկրորդ տարբերակի համաձայն` Ադրբեջանին է հանձնում 7 շրջան ճանաչման անորոշ հեռանկարով: Ես ուզում եմ հասկանալ, խնդրում եմ մի փոքր մանրամասներ հայտնեք, ինչի՞ շուրջ էիք բանակցում և ինչի՞ շուրջ եք հիմա բանակցում:

Մասիս Մայիլյան. – «Մադրիդյան առաջարկները», ինչպես գիտեք, առաջարկվել էին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007 թվականի նոյեմբերին, բայց այդ մադրիդյան տրամաբանությունն ինքը, արմատները դրա ավելի խորն են, դա հասնում է մինչև 91 թվականի դեկտեմբերի 16-ը, և Եվրոպայի 12 պետությունների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպես անկախ այն պետությունները նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն` այդ չափանիշներին:

Եվ այն ժամանակվանից սկսած այդ տրամաբանությունն իշխել է, և մինչև վերջերս այդ տրամաբանության մեջ էին գնում բանակցությունները, այսինքն` իրենց որոշման համաձայն` իրենք ճանաչել են որպես անկախ հանրապետություններ միութեանական հանրապետության կարգավիճակ ունեցող հանրապետություններին, բայց այն ժամանակ օրինակ` նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն հռչակվել էր, այսինքն` սեպտեմբերի 2-ին հռչակվել էր, դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողությունները, որ կա օրինակ` նախկին Խորհրդային Միության տարածքում: Եվ այդ տրամաբանության մեջ շարունակվել է այս ամեն գործընթացը, և դրա արտացոլումը եղել են «Մադրիդյան առաջարկները», որը երկար կյանք է ունեցել` 10 տարուց ավելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով: Այսինքն` մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, և դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաև այդ` «Մադրիդյան առաջարկները»:

«Ազատություն». – Այսինքն` այդ երկու առաջարկները չկան:

Մասիս Մայիլյան. – Ընդհանրապես որևէ առաջարկ չկա, նաև չկան այդ առաջարկները: Այս առումով կարծում եմ` քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը:

«Ազատություն». – Պարոն նախարար, ես ուզում եմ հստակեցնել այս հարցը, այսինքն` հայկական կողմերը մերժե՞լ են «Մադրիդյան սկզբունքները», այն այլևս չի՞ քննարկվում:

Մասիս Մայիլյան. – «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ վարչապետ Փաշինյանն իր պաշտոնավարման հենց սկզբում կոչ է արել կամ ասել է, համանախագահներից որոշ ճշտումներ է ուզել, որովհետև այդ նույն փաստաթուղթը թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում, թե՛ Ադրբեջանում տարբեր ընկալումներ ունեին կողմերը, և տարբեր ինտերպրետացիա էին ենթարկվում, և հստակ գնահատական էր պետք, որ բոլորը միաձև ընկալեն այդ առաջարկները, բայց ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ արդեն այդ առաջարկները հիմա քննարկման մեջ չեն, և ավելի շատ հիմա արդիական է մեր տարածաշրջանի կայունության ապահովումը, ռիսկերի նվազեցումը, զինադադարի միջազգային մեխանիզմների կիրառումը և այլն: Այսինքն` սկզբից պետք է ստեղծվի նորմալ մթնոլորտ, պետք է փակվեն ռազմական հեռանկարները, որը թույլ կտա արդեն բովանդակային ինչ-որ քննարկումներ սկսել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG