Մատչելիության հղումներ

Այս տարի Գյումրիի օրը կնշվի համավարակի թելադրած կանոններով


Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Գյումրիի օրը կորոնավիրուսի թելադրած պայմաններով կնշվի։ Սեպտեմբերի 5-ին ոչ հյուրեր, ոչ էլ մեծ միջոցառումներ չեն լինի, «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Քաղաքի օրը, պարզ է, լինելու է պարետի տված ցուցումներով, հեռավար հիմնականում, բայց փորձել ենք ժողովրդի հետ աշխատանք տանել, այսինքն՝ կայքերով, համապատասխան, համացանցով, հեռուստաընկերություններով: Բավականին լավ միջոցառումներ ենք անցկացնելու, իհարկե՝ առանց հանդիսատեսի, Սև ամրոցում Սիմֆոնիկ նվագախումբը, ժողգործիքների նվագախումբը Գյումրիի պետական, ինչպես նաև խմբեր տարբեր, և այլ միջոցառումներ, որոնք ուղղակի անցկացվելու են համաձայն պարետի ցուցումների», - մանրամասնեց քաղաքապետը:

«Իմ սեր, Գյումրի» խորագրով է հեռավար նշվելու քաղաքի օրը: Միջոցառումներն ուղիղ եթերով կհեռարձակվեն, որ մարդիկ տներից հետևեն:

Նախատեսում են երկու տարի առաջ մահացած գյումրեցի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անունը կրող ծանրամարտի դպրոցը բացել, այս տարվա սաստիկ կարկուտներից առավել տուժած ընտանիքներին սոցիալական բնակարանների բանալիները հանձնել: Քաղաքապետարանի շենքում էլ նոր թանգարան կբացվի։

«Վերջապես երկրաշարժից հետո կարողացանք այն ֆոնդերը, որոնք տարբեր տեղեր, խոնավության մեջ մի մասը, մի մասը, չգիտես, թափառական իրավիճակում էր գտնվում՝ Երևանի թանգարաններում, այլ տեղերում, Սարդարապատում ընդհուպ, մենք փորձել ենք հավաքել, բերել և մեր ունեցած ֆոնդը համալրել այդ թանգարանում, և այդ թանգարանը շատ կարևոր է՝ տուրիզմի մանավանդ զարգացման հետ կապված, որ երբ որ տուրիստը առաջին այցելությունը գալիս է հրապարակ, նա կարողանա մտնել թանգարան, ծանոթանալ մեր պատմության հետ, գիդերը բացատրեն՝ ով ենք մենք», - ասաց Բալասանյանը՝ շարունակելով. - «Իհարկե, դեռ ֆոնդեր շատ ունենք, դեռ կհավաքենք, կբերենք, կտեղավորենք, և այդ թանգարանը ևս նվեր եղավ 2020 թվականի սեպտեմբերի 5-ին մեր քաղաքին»:

Հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը նախորդ տարիների նման այդ օրը կայցելի՞ Գյումրի, Սամվել Բալասանյանն արձագանքեց. - «Չեմ կարող ասել, ասում է՝ եթե գան, բարով գան, այսինքն՝ ուրախ կլինենք, բայց, էդ արդեն պետք է, էլի եմ ասում, պարետի ցուցումի հիման վրա կարողանան էդ ամեն ինչը պահպանել»:

Համայնքապետն ուրախանում է, որ վերջին շրջանում տուրիստական հոսքը դեպի Գյումրի կրկին մեծացել է: «Շաբաթ-կիրակի օրերին տուրիստական հոսքեր կան, որը, ճիշտն ասած. ուրախացնում է ինձ», - ասաց Բալասանյանը:

Քաղաքի օրվա միջոցառումների համար համայնքային բյուջեից շուրջ 3 միլիոն դրամ է հատկացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG