Մատչելիության հղումներ

Նոր համերգաշրջանը Երևանում կմեկնարկի բացօթյա համերգներով


21-ի հեռանկարներ փառատոնի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի բանախոսները

Աշնանային առաջին իսկ օրերն ավանդաբար մշակութային աշխուժություն են առաջ բերում Հայաստանում: Բացառություն չէ նաև համավարակային խնդիրներով լի այս տարին:

Մեր երաժշտասերներին հրաշալի անակնկալներ են սպասվում առաջիկա օրերին: Նախ, սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի այգում կմեկնարկի «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ ներկայացնելով «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մեր լավագույն օպերային մենակատարների մասնակցությամբ, Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ «21-ի հեռանկարներ» միջազգյին երաժշտական ամենամյա փառատոնի մեկնարկն ազդարարող «Տրավիատա»-ի համերգային կատարումը բարեգործական է, և ստացվելիք ողջ հասույթը կնվիրաբերվի վերջերս Բեյրութում տեղի ունեցած սոսկալի պայթյունից տուժած հայ համայնքի՝ վերականգնելու հայկական մշակութային կենտրոնները: Հայ բարեգործական ընդհանուր միությունը կրկնապատկելու է համերգից ստացված հասույթը:

«Էսքան երկար կոլապսից հետո փորձում ենք կյանքի, ապրելու ձևերը նորից սկսենք, և շատ ուրախ եմ, իսկապես երջանիկ, որ բնորոշ իր ձևին փառատոնը սկսվում է շատ մեծածավալ մի հանճարեղ գործի կատարումով` Վերդիի «Տրավիատան»: Նաև բացառիկ կատարում` ֆիլհարմոնիկ նվագախումբ, կամերային երգչախումբ և հայ սոլիստներ, որոնք որ աշխարհի լավագույն բեմերի մենակատարներ են», - այսօր հրավիրված ասուլիսին շեշտեց «21-ի հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ասաց. – «Էդպիսի փորձ երբեք չեմ ունեցել` բացօթյա մի ամբողջ օպերա կատարելու: Չնայած, կարծում եմ, շատ չի տարբերվի, որովհետև արիաներ և կտորներ միշտ արել ենք: Եթե կարողանանք նաև շատ լավ ձայն ստանալ, ուրեմն շատ լավ «Տրավիատա» է սպասվում, որովհետև շատ գեղեցիկ, լավ պատրաստված ենք, և բավական նոր ձևի մեկնաբանությամբ»:

Իսկ սեպտեմբերի 5-ին մի ինքնատիպ բացօթյա համերգով իր համերգաշրջանի մեկնարկը կազդարարի Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի կամերային պետական երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Այսօր հրավիրած ասուլիսին Հարություն Թոփիկյանն ու Սեդրակ Երկանյանն ընդգծում էին, որ երգչախմբերի համար մեծ ուրախություն է վերջապես հանդես գալ հանդիսատեսի առաջ:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյան. – «Ինչպես գիտեք, պայմանների թելադրանքով է, որ այսօր բացօթյա է ամեն ինչը կատարվում, ընդհուպ մինչև մամուլի ասուլիսը: Մեր մարտահրավերները այնպիսին են, որ առաջիկայում մեզ թույլտվություն է տրված, որ մենք բացօթյա համերգներ կազմակերպենք, այսինքն` բաց տարածքներում հանդես գալ միայն: Եվ առաջին համերգը, որը կայանալու է ամսի 5-ին «Տաղարան» համույթի և Երևանի կամերային երգչախմբի մասնակցությամբ, ուղիղ այս պատի հետևում գտնվող չաշխատող շատրվանի տարածքն է, որը մեր համար նոր հարթակ է դառնում: Մենք պատրաստվում ենք այս ամիս պարբերաբար ունենալ բացօթյա համերգներ, և Կամերային երաժշտության կենտրոնում գործող մնացած խմբերը նույնպես հանդես կգան այս բաց տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG