Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկել է «Շառլի Էբդո»-ի խմբագրության դեմ հարձակման գործով դատավարությունը


Ֆրանսիա - Հանրահավաք ընդդեմ ահաբեկչության Փարիզում, 11-ը հունվարի, 2015թ.
Ֆրանսիա - Հանրահավաք ընդդեմ ահաբեկչության Փարիզում, 11-ը հունվարի, 2015թ.

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է 2015 թվականին«Շառլի էբդո» երգիծական հանդեսի խմբագրության, ինչպես նաև Փարիզում գործող հրեական խանութներից մեկի դեմ կատարված ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։

Փարիզի քաղաքային դատարանի տվյալներով, դատավարությունը կշարունակվի 49 օր՝ մինչև նոյեմբերի 10-ը։ Գործում որպես ամբաստանյալ է ներգրավված 14 մարդ, որոնցից 3-ը՝ հեռակա կարգով։ Ամբաստանյալների մեծամասնությունը մեղադրվում է «Շառլի Էբդո»-ի խմբագրության դեմ հարձակման հեղինակներ Քուաշի եղբայրներին, ինչպես նաև հրեական խանութի դեմ հարձակումն իրականացրած Ահմեդի Կուլիբալիին օժանդակություն ցուցաբերելու համար։

Հաջորդ շաբաթ մեկնարկելու է տուժողների և նրանց իրավահաջորդների հարցաքննության փուլը։ Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 200 մարդ է հարցաքննվելու։

16 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումները Փարիզում տեղի էին ունեցել 2015 թվականի հունվարի 7-ին։ Դրանց առիթը «Շառլի Էբդո» հանդեսի կողմից Մուհամեդ մարգարեին պատկերող 12 ծաղրանկարների հրապարակումն էր։

XS
SM
MD
LG