Վաշինգտոնը կվերացնի Կիպրոսին՝ սպառազինության վաճառքի ավելի քան երեք տասնամյակ գործած արգելքը։ Այս մասին անցած գիշեր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է անվտանգության ասպարեզում խորացնել համագործակցությունը Կիպրոսի հետ։
«Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան հատվածի մեր առանցքային գործընկեր պետությունն է: Գալիք ֆինանսական տարում մենք կվերացնենք Կիպրոսի Հանրապետությանը պաշտպանական զինատեսակների և ծառայությունների վաճառքի սահմանափակումները», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կիպրոսին ամերիկյան սպառազինության վաճառքի սահմանափակումները գործում էին 1987 թվականից։ Դրանց կիրառումը նախաձեռնած Ռեյգանի վարչակազմը հույս ուներ, որ այդ քայլը կնպաստի կղզու խաղաղ վերամիավորմանը։
Պաշտոնական Անկարան արդեն իսկ քննադատել է ամերիկյան իշխանությունների որոշումը՝ կոչ անելով Վաշինգտոնին վերանայել այն։
«Էմբարգոյի վերացումը կարող է խախտել կղզում հաստատված ուժերի հավասարակշռությունը», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։