Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի զինվորականները սկսել են ժամանել Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին


Վրաստան - Ամերիկացի զինվորականները զորախաղերի ժամանակ, Վազիանի, 1-ը սեպտեմվերի, 2020թ.

Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների զինծառայողները սկսել են ժամանել Վրաստան՝ հինգ օրից Վազիանիի ռազմաբազայում մեկնարկող «Արժանի գործընկեր - 2020» բազմազգ զորավարժությունների մասնակցելու նպատակով։

Առաջինը Վրաստան են ժամանել Միացյալ Նահանգների Զինված ուժերի 173-րդ ավիադեսանտային բրիգադի զինծառայողները։ Նախօրեին ամերիկացի և վրաց զինվորականների մասնակցել են երկկողմ զորախաղերին, որոնց ընթացքում հիմնական ուշադրության են արժանացել համատեղ դեսանտային գործողությունները։

«Այսօրվա վարժանքները մեր զինծառայողների համար յուրահատուկ մի հնարավորություն են՝ նախևառաջ երկու երկրների զինված ուժերի գործողությունների համադրելիության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։ Բացի այդ, այս զորավարժությունները ևս մեկ անգամ գալիս են վկայելու, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները մեր կողքին են և իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ցանկությանը», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո կազմակերպվող «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ։ Այս տարի դրանք մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ շարունակվելով ավելի քան տասն օր՝ մինչև սեպտեմբերի 18-ը։ Ամերիկացիներից բացի, վրացական բանակի հետ համատեղ այս զորավարժություններին մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ընդհանուր առմամբ 2 հազար 700 զինվորական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG