Մատչելիության հղումներ

Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ձերբակալված են


Երևան, Կասկադ, արխիվ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ձերբակալված են: Ըստ իրավապահների՝ եղբայրները երեք օր առաջ Կասկադում ոստիկանների են քաշքշել, պոկել են իրավապահներից մեկի ուսադիրը, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկն էլ բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին՝ վնասվածք հասցնելով:

Ըստ մամուլի՝ ֆուտբոլիստները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, իրավապահներն այս մասին լռում են:

Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով: Գործը քննում է Քննչական կոմիտեն:

Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգարը, հանդես է գալիս Երևանի «Արարատ»-ում, Գոռը՝ «Փյունիկ»-ում: Երկուսն էլ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ են, սակայն ընտրանու առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր չեն ստացել:

Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ եղբայրներին ձերբակալելու որևէ հիմք չի եղել: «Կենտրոնում ընթանում են ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի դատական նիստեր, սպասենք, տեսնենք ինչ արդյունք կունենանք: Կարծում եմ, որ ձերբակալումները իրավաչափ չեն եղել, որևէ պատճառ չեն ունեցել ձերբակալելու», - ասաց փաստաբանը:

Միքայելյանի կանխատեսմամբ՝ Մալաքյաններին մեղադրանք կառաջադրեն: «Էս պահին, համենայն դեպս, ինչ տեղեկություններ որ ես ունեմ, ինչքանով որ քրեական գործի տվյալները ինձ հայտնի են, կլինեն ոչ հիմնավոր մեղադրանքները, մենք պայքարենք դրա դեմ ու հաստատենք օրինականությունը, հասնենք», - նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները, գրելով, որ Մալաքյանները ոստիկանների են ծեծի ենթարկել, ուռճացրել են միջադեպը և խախտել եղբայրների անմեղության կանխավարկածը:

«Մենք ինչ դիրքորոշում ունենք՝ մի կողմ դնենք, թե իրականում ինչ է եղել: Եթե մենակ հաշվի առնենք հենց մենակ ոստիկանների ասածը՝ կարանք եզրակացնենք, որ ընդամենը նույն ոստիկանները նշում են ընդամենը մեկ հարվածի մասին», - ընդգծեց Միքայելյանը:

Ըստ լրատվամիջոցների՝ այս միջադեպին մասնակցել են նաև հավաքականում հանդես եկող Արաս Օզբիլիսը և «Փյունիկ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ: Ակումբը պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկ»-ի միայն մեկ խաղացող՝ Գոռ Մալաքյանը: Ակումբը մտահոգված է կատարվածով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավապահների հետ:

Մալաքյաններից ավագի ակումբն էլ արձագանքեց կատարվածին: Երևանի «Արարատ»-ի պնդմամբ՝ միջադեպը թռուցիկ է նկարագրվել, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: «Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը», - ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում:

Հայ բազմաթիվ ֆուտբոլիստներ սոցցանցերի իրենց էջերում զորակցություն են հայտնում եղբայրներին՝ իրավապահներից պահանջելով ներկայացնել միջադեպն ամբողջությամբ, այլ ոչ դրվագներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG