Մատչելիության հղումներ

Տուրիստական գործակալությունը խաբել է հարյուրից ավելի քաղաքացիների


Ավելի քան հարյուր քաղաքացիներ դիմել էին Beauty of Armenia տուրիստական ընկերությանը Հայաստանում հանգստանալու համար, սակայն խաբեության զոհ են դարձել։ Ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանին վճարել են հյուրանոցի համար նախատեսված գումարը, սակայն հետագայում պարզվել է, որ հյուրանոցները գումարը չեն ստացել, քաղաքացիների անունով ամրագրումներ չկան, տուրիստական ընկերության տնօրենն էլ գումարը ստանալուն պես անհետացել է:

«Ինչքան հնարավոր համար կար, որ գիտեինք, կապ էինք հաստատել, ամեն հնարավոր համար ու կոնտակտ, որ Վահեի հետ կար... չկար: Ուղղակի ինքը անհետացել ա, գոյություն չունի: Հիմա ոստիկանություն ենք նաև դիմել։ Նեղվում ես, որ խաբեության զոհ ես դառնում, բավականին տհաճ զգացողություն ա, երբ որ դու գումար ես վճարում, սպասում ես, որ դու գնաս հանգստի և այլն, ու էդ ամբողջությամբ փլուզվում ա. ո'չ գումարդ ունես, ո'չ հանգիստդ ունես», - «Ազատության» հետ զրույցում ասաց խաբված քաղաքացիներից մեկը:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ խարդախության փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Այս տուրիստական ընկերության զոհերից է նաև Հասմիկ Հարությունյանն իր ընտանիքի հետ։ Նա պատմեց, որ ընկերությունը ակցիա էր հայտարարել՝ ցանկացած հյուրանոցում 2 օր գիշերելու փոխարեն՝ ևս երկու օրը անվճար կլինի. – «Մի քիչ կասկածելի թվաց էն փաստը, որ ասեց՝ հիմա է պետք փոխանցել, բայց, քանի որ ակցիան դրված էր տասնըքանի ժամվա համար, ստիպված էիր էդ վճարումը անեիր, որպեսզի բրոնյան դնեին»:

Հասմիկն ասաց, որ նախապես տեղեկացել է, թե ինչ տուրիստական ընկերություն է, արձագանքները բացասական չեն եղել։ Դա հաշվի առնելով էլ դիմել է. – «Երբ որ դու զգում ես, որ ամեն հնարավոր տարբերակ արել ես, որպեսզի չխաբվես, բայց մեկ է` խաբվել ես, դա շատ զզվելի զգացողություն ա իրականում»։

Հարությունյանը, այնուամենայնիվ, ձայնագրել է ամուսնու ու տուրիստական ընկերության տնօրենի հեռախոսազրույցը, թե ինչպես է պետք գումարը փոխանցել, նաև հավաստիացումը, թե որևէ խնդիր չի կարող լինել։

Տուրիստական ընկերության էջերն այլևս սոցցանցերում չկան։ Տուժողները Ֆեյսբուքում «Ո'չ անպատժելիությանը» խումբ են ստեղծել, և բազմաթիվ քաղաքացիներ գրում են, թե որքան գումար են վճարել և այլևս հետ չեն ստացել. ավելի քան 6 մլն դրամ, սակայն այս գումարը շարունակում է աճել։

Սա, սակայն, խաբեության միակ դեպքը չէ։ Օրինակ, անցած տարի Լուսինե Ազատյանը Դուբայ մեկնելու փաթեթ էր գնել ու միայն մեկնելու նախորդ օրն իմացել, որ փաթեթը կեղծ է եղել. – «Փաստացի վերցրել ենք տոմսեր «Աննա Թրավել» կազմակերպությունից: Ո'չ տոմս էր դուրս գրված, ո'չ վիզաները կային, ոչինչ չկար: Մեզ պարզապես ֆոտոշոփ արած թղթեր էին տրվել Աննայի կողմից, որի դիմաց համապատասխան վճարը իհարկե իրականացվել էր արդեն օրիգինալ դրամներով»:

Հաճախորդներին գրավելու համար տնօրենն ասել է, որ Դուբայում հետաքրքիր և լավ առաջարկ ունեն. – «Ասաց` թեժ առաջարկ ունենք այս պահին, որը վաղը կարող է և չլինել: Էդ արտահայտությունը էնպես էր արտահայտում, որ անկախ քեզանից, շահագրգռված ցանկանում էիր` ինչի՞ չօգտվել հենց էս պահից»:

Այս դեպքից անցել է մեկ տարի, սակայն 100-ից ավելի քաղաքացիներ իրենց գումարը դեռ չեն ստացել. – «Դատական պրոցեսի մեջ ենք, բայց Աննան գրավի դիմաց ազատ է արձակված»:

Մեկ տարի առաջ 10-օրյա հանգստի համար վճարելով 531 հազար դրա`, Աննա Հայրապետյանը ցանկանում էր մեկնել Եգիպտոս, սակայն կրկին պարզում է, որ ո՛չ թռիչքի տոմս գոյություն ունի, ո՛չ հյուրանոցի ամրագրում. – «Մեկ տարուց ավելի է անցել, որևէ գումար չենք ստացել, որևէ մեկի հետ թեկուզ հեռախոսային խոսակցության մեջ չենք եղել, որևէ անգամ Աննա Սահակյանից նեղություն կամ գումարը վերադարձնելու խոստումներ չեն ստացել»:

Նա համոզված է, որ անպատժելիության արդյունքում է, որ նման դեպքերն ավելանում են, և վստահություն չկա տուրիստական ընկերությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG