Մեքսիկայում մտադիր են երկրի նախկին երկու նախագահների հանդեպ հետաքննություն սկսել կոռուպցիոն կասկածանքով։
Ներկայիս նախագահ Անդրես Օբրադոն առաջարկել է նախկին նախագահներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը հանրաքվեի դնել գալիք տարի կայանալիք խորհրդարանական միջանկյալ ընտրությունների հետ միաժամանակ։
Մամուլի ասուլիսում Օբրադոն առաջարկել է, որ մեքսիկացիները հանրաքվեն անցկացնելու պահանջով ստորագրություններ հավաքեն, և մեկ միլիոն 600 հազար ստորագրության դեպքում օրենսդիրները կարող են հանրաքվեի մասին պաշտոնապես որոշում ընդունել։
Անդրես Օբրադոն համարում է, որ նախկին իշխանությունները խորապես կոռումպացված էին։ Կաշառակերության դեմ պայքարը նա հռչակել է իր առաջնահերթություններից մեկը։
Անդրես Օբրադոն պատրաստվում է 2021 թվականի Կոնգրեսի ստորին պալատի ընտրություններին, որի արդյունքից է կախված, թե նա արդյոք կկարողանա պահպանել վերահսկողությունը խորհրդարանում։
Նախագահին քննադատողները նշում են, որ նա կենտրոնացել է նախկիններին մեղադրելու վրա, որպեսզի ուշադրությունը շեղի ռեցեսիայի, քրեական հանցագործությունների ռեկորդային թվով աճի ու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի խնդիրներից։
Սակայն Մեքսիկայի պետական նավթային ընկերության նախկին ղեկավարը կաշառակերության սկանդալային բացահայտում է արել, որտեղ ներգրաված են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ներառյալ նախկին երկու նախագահները։
Որևէ մեկին դեռևս մեղադրանք առաջադրված չէ։