Մատչելիության հղումներ

Աստիճանաբար աշխուժանում է կյանքը վերաբացված թանգարաններում ու գրադարաններում


Մարդիկ հերթ են կանգնել դիտելու Պիկասո-Դալի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում։

5-ամսյա պարապուրդից հետո արվեստասեր հանրությունը Կովիդ-19-ի դեմ կկարողանա պայքարել ոչ միայն բժիշկների, այլ նաև արտթերապիայի միջոցով։ Պարետատունը օգոստոսի 19-ից բացեց թանգարանները, գրադարանները... ու հենց հաջորդ օրը Ազգային պատկերասրահի դիմաց Պիկասո-Դալի ցուցահանդեսը վայելելու հերթ էր։

Հավաքածուն մարտի 7-ից երկու ամիս պետք է ներկայացվեր, սակայն համաճարակը խառնեց ամեն ինչ։ Հերթում կանգնած մարդիկ անհամբեր էին, որ հասցնեն գոնե վերջին հնարավորությունից օգտվել։

Զգուշավորությունն անհրաժեշտ է, հակահամաճարաային պայմաններին էլ հետևում ենք, ասում էին թե՛ թանգարանի աշխատակիցներն, թե՛ այցելուները։ Այդուհանդերձ հարց էին բարձրացնում, թե ինչու պարետատունն այդքան հապաղեց, չէ՞ որ թանգարաններն այն ռիսկային վայրերը չէին, որտեղ վարակը կարող էր տարածվել։

«Էն պահից սկսած, երբ որ արդեն հնարավոր էր գնալ ռեստորաններ, ինձ թվում ա, թանգարանները փակ պահելը մի քիչ անիմաստ էր, որովհետև չեմ կարծում, որ թանգարաններ հաճախող զանգվածը ավելի անկարգապահ իրան կպահեր», - ասաց այցելուներից մեկը։

Այս ամիների անգործության հետևանքով թանգարանները զրկվեցին արտաբյուջեից, որ գոյանում էր տոմսերի, հուշանվերների, գրքերի վաճառքից։ Թեև շատերն այդ ընթացքում փորձում էին կիրառել օնլայն հնարքներ, սակայն ֆինանսական վնասներ կրել են բոլոր թանգարանները։

Թանգարանների մուտքը միայն դիմակներով է։ Սակայն Երվանդ Քոչարի տուն-թանգարանն ավելի ստեղծարար է գտնվել՝ թանգարան կարելի է մտնել հենց Երվանդ Քոչարի դիմակով։ Տուն-թանգարանի դռները կոտրողներ չկային, սրահը դատարկ էր։ Դալիի ու Պիկասոյի ժամանակակիցը համեստորեն սպասում էր իր այցելուներին։

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով, դիմակների հնարքը նորմաւծություններից մեկն է․ - «Սա էլ առիթ էր ինչ-որ ձևով մի հուշ ունենալ մեր անցկացրած այս օրերից։ Ինքը տարբերվում է բոլորից, որովհետև ստեղծված է քոչարյան դիմանկարների հիման վրա, ոճավորված արևելյան հուրիների կերպարներով հիմնականում»։

Այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել, մի շարք օնլայն ցուցահանդեսներ են կազմակերպել, կրթական ծրագրեր իրականացրել, առցանց ֆիլմեր ցուցադրել, դրամաշնորհային ծրագիր են շահել՝ աշնանը ներկայացնելու են Քոչարի մոնումենտալ արձանները։

Տնօրենն ասում է՝ գուցե տարօրինակ հնչի, բայց Կովիդ-19-ն անգամ նոր հնարավորության դուռ բացեց․ - «Դեռ 2017-18 թվականից ձեռնարկել էինք այս թանգարանում միջազգային մակարդակի ցուցահանդես անցկացնելու մի նախագիծ, բայց կանգ էինք առել մի շատ լուրջ պրոբլեմի առաջ՝ չկար ֆինանսավորում։ Քանի որ նախարարությունը մեզ որոշակի միջոցներ ամեն տարի հատկացնում է միջոցառումների իրականացման կամ այլ ծախսերի համար, և էս ամիսների իզոլյացիան, որ տեղի ունեցավ, այսինքն ոչ մի միջոց չէր ծախսվելու, մենք խնդրեցինք այդ միջոցները ուղղել նման համակարգերը արդիականացնելու համար։ Եվ ստացանք թույլտվություն։ Քանի որ ունեի ամերիկյան շատ խոշոր հիմնադրամի հետ պայմանավորվածություն՝ Հայաստանում ներկայացնել Ալեքսանդր Կալդերի մեկ-երկու ստեղծագործություն, բայց իրենց պահանջվում էր, որ թանգարանը լիովին համապատասխանի այդ միջազգային մակարդակին։ Համենայն դեպս, էս ընթացքում մեկ քայլ արվեց դեպի թանգարանի վերազինումը»։

Խնկո-Ապոր գրադարանի ֆիլմերի դահլիճում երեխա չկար, բայց մուլտֆիլմը հեռարձակվում էր։ Անցնող-գնացողը գոնե մի աչքով կնայի, ասում էին աշխատակիցները։

Օրվա ընթացքում մոտ 100 ընթերցող է գալիս գրադարան՝ դեռ միայն ամառային պարտադիր ընթեցանության գրքերի համար։ Գրդարանի փոխտօրեն Ռուզաննա Թելունցը հիշում է, որ անցած տարի այս նույն ամանակահատվածում առնվազն 700 հոգու էին սպասարկում։ Համաճարակային այս պայմաններում համացանցով էլ հեքիաթ են կարդացել, գրքի քննարկումներ են կազմակերպել։ Բայց, ասում էին, որ գրադարանը գրքի հոտն է նաև, իսկ դա ինտերնետով չես փոխանցի․ - «Ես ավելի պասսիվ էի պատկերացնում։ Չէի ասի, որ շատ պասսիվ է։ Մենք ունենք այդ հնարավորությունը՝ համացանցով, Քինդլ սարքով երեխաներին սպասարկել, բայց մենք հաճելի պատասխան ենք լսում նրանցից․ ասում են՝ մեկ եկել ենք, որպեսզի շփվենք գրքի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG