Մատչելիության հղումներ

Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել 7-ի գործով մեղադրյալների արդարացման համար


Արխիվային լուսանկար

2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ քվեարկության արդյունքները չեղարկելու կոչերով հանրահավաքներ նախաձեռնած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Վճռաբեկ դատարանից պահանջում է արդարացնել 7-ի գործով երեք մեղադրյալներին։

Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը նախկին իշխանության օրոք դատապարտվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ՀԱԿ-ը Գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ է սկսել այս իրավական գործընթացը։ Արդեն արդարացվել է 15 ընդդիմադիր գործիչ։ Նրանց շարքում են նաև 2008-ին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և այլոք։

ՀԱԿ-ի իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Վճռաբեկից պահանջել են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործը բեկանել և հետ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության, իսկ այժմ Սկանդինավյան հինգ երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին և նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին արդարացնել։ ՀԱԿ ներկայացուցիչն ասում է՝ շատ կարևոր է, որ դատարանը քննի զանգվածային անկարգություններ կազմակերպելու դրվագը և գնահատի՝ արդյո՞ք ընդդիմադիր գործիչները կազմակերպել են զանգվածային անկարգություններ։

«Մասնավորապես 7-ի գործի մասով մենք մտադիր ենք շարունակել այս բողոքները բերել: Հիշեցնեմ, որ այդ գործով եղել են Սուրեն Սիրունյանը, Գրիգոր Ոսկերչյանը և Սասուն Միքայելյանը և բացի 7-ից ևս մեկ հոգի, ով մեղադրվել և դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրեական գործն է, որը նույնպես այս պահին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է և, իհարկե, ենթակա է վերացման», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, դատախազությունն այս ընթացքում 11 բողոք է ներկայացրել Վճռաբեկ ատյան՝ ընդգծելով, որ տարիներ առաջ տեղի է ունեցել նախկին ընդդիմադիրների արդար դատաքննության իրավունքի խախտում։ Նախկին ընդդիմադիրներից երկուսը՝ Դավիթ Մաթևոսյանը և Մուշեղ Սաղաթելյանը արդարացվել են Եվրոպական դատարանի որոշման հիման վրա։ Ստրասբուրգի դատարանն հաստատված է համարել, որ Հայաստանի կառավարությունը 12 տարի առաջ խախտել է նրանց իրավունքները՝ հավաքներին մասնակցելու համար, ինչից հետո նրանք դատապարտվել էին ազատազրկման։

«Ապօրինի ու շինծու քրեական գործերով դատապարտված քրեական հետապնդման դատապարտված յուրաքանչյուր մեր քաղբանտարկյալ պարտադիր պիտի արդարացվի», - նշեց Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ Վճռաբեկ դատարանը դեռևս որևէ դիմում չի մերժել։ Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ սրանք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացներ են, Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ 2008-ի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության քննադատ Խաչատրյանը պատասխանեց. «2008-ին պիտի կարծիք հայտնեին, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, որովհետև դրանք ակնհայտ քաղաքական հետապնդումներ են եղել ու թող հասարակությունը չանհանգստանա, եթե որևէ մեկը նման անբարոյական պնդում անի, որովհետև դա իրավական որևէ պնդում չի կարող հանդիսանալ, մենք անհրաժեշտ պատասխանը կտանք: Այդ տղաները կտան անհրաժեշտ պատասխանը»:

ՀԱԿ ներկայացուցիչը պնդում է, որ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է զբաղվի նախկին ընդդիմադիրների գործերի վերաբացմամբ։

«Օրինակ՝ 2008-ին [ցուցմունք] տված բազմաթիվ ոստիկաններ, տուժողներ կարող են այսօր վերջապես իրենց ժամանակին արված սխալն ուղղել՝ ներկայանալ ու քննությանը հայտնել, որ կոնկրետ ճնշումների տակ ժամանակին սխալ ցուցմունքներ են տվել, ինչի հետևանքով մարդիկ դատապարտվել են ծանր ու ամենատարբեր մեղադրանքներով», - ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ ուսումնասիրում են 2008-ի իրադարձություններից հետո դատապարտված ավելի քան 100 անձանց գործերը։ Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ առաջադրված մեղադրանքները հստակ չեն: Մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ցուցմունքները, իսկ դատարանները մերժել են մեղադրյալների միջնորդությունները՝ վկաներ հրավիրելու և դատարանում հարցաքննելու։ Այս հանգամանքն էլ Եվրոպական դատարանը, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG