Մատչելիության հղումներ

Բնակելի տներում գործող Արեգնադեմի դպրոցի տնօրենը դժվար կացության մեջ է՝ ինչպե՞ս նստարանները վերադասավորի սենյակներում


Արխիվային լուսանկար

Բնակելի տներում գործող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի տնօրենը դժվար կացության մեջ է. սեպտեմբերի 15-ին ընդառաջ չգիտի նստարաններն ինչպե՞ս վերադասավորի առանց այն էլ մի կերպ հարմարեցված նեղլիկ սենյակներում, որ պահանջվող սոցիալական հեռավորությունը պահպանվի։

Հասմիկ Սահակյանն ասում է՝ քանի դեռ եղանակը տաք է, միգուցե դասերը բացօթյա անեն. «Կամ դրսում, կամ թեկուզ միջանցքներում, դրա համար եմ ասում՝ միջանցքները դնենք նստարանները, քանի տաք է»:

45 աշակերտ ունեցող դպրոցը արդեն երեք տասնամյակ է երեք սեփական տներում է գործում։ Պետական բյուջեից արդեն գումար հատկացվել է նոր դպրոցի կառուցման համար, բայց մինչև կնախագծեն, մրցույթ կանցկացնեն ու կկառուցեն, աշակերտները դեռ առնվազն մեկ ուսումնական տարի էլ ստիպված կլինեն հարմարեցված պայմաններում սովորել։ Տնօրեն Սահակյանը նաև նկատում է՝ դասերի անցկացման նոր կարգը լրացուցիչ ֆինանսական բեռ է դպրոցի համար ու առայժմ հայտնի չէ՝ հավելյալ գումար կստանան, թե ոչ։

Համաձայն պարետատան որոշման՝ դպրոցները պետք է աշակերտներին ապահովեն դիմակներով ու ախտահանիչ միջոցներով։

Տնօրենի հետ զրույցի ընթացքում ծնողներից Աստղիկը եկավ ճշտելու, թե դպրոցում ինչպես են ապահովելու իր երեխայի անվտանգությունը:

«Որպես ծնող ես կողմ եմ, որ երեխաները դպրոց հաճախեն: Ավելի լավ է կանոնները պահպանելով սովորեն, քան հեռավար ուսուցմամբ, որովհետև հեռավար ուսուցմամբ նրանք թերի են ընդունում դասը», - նշեց Աստղիկը:

Հասմիկ Սահակյանը կարծում է՝ քանի դեռ համաճարակը չի մարել ու ավելին՝ ըստ մասնագետների, երկրորդ ալիքի հավանականություն կա, ավելի ճիշտ կլինի, որ դպրոց հաճախեն ցածր դասարանների աշակերտները, իսկ մեծերը հեռավար սովորեն։

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ասում է, որ Արեգնադեմի ու նման փոքր տարածքներում գործող դպրոցների հարցը քննարկում են նախարարության հետ. «Փաստացի տարածքի առումով աշակերտների թվաքանակի մակերեսի առումով որոշակի խնդիրներ առաջանում են: Հիմա քննարկում ենք նմանատիպ դպրոցների հարցը»:

Քանի որ դպրոցները մարտից փաստացի չեն գործել, նաև տնտեսած ֆինանսական միջոցներ ունեն: Հրայր Կարապետյանն ասում է, որ հենց այդ միջոցներով կարող են ախտահանիչ նյութեր գնել, թեպետ հավելեց, որ քննարկվում է նաև լրացուցիչ գումար տրամադրելու հարցը:

«Տեղյակ եմ նաև, որ քննարկվում է որոշակի չափով ֆինանսական օգնություններ այն դպրոցներին, որոնք նմանատիպ խնդիրների առաջ են կանգնած և ընդհանրապես քննարկվում է այն գումարների հարցը, որը պետության կողմից տրամադրվում է սնունդ ծրագրով, հնարավոր է նաև այդտեղից էլ խնայողություններ և ուղղությունների որոշակի փոփոխություն տեղի ունենա», - ասաց Կարապետյանը:

Մարզի կրթական ոլորտի պատասխանատուն ընդգծեց, որ մարզի դպրոցները գրեթե պատրաստ են նոր անվտանգության միջոցառումներով նոր ուսումնական տարվան: Խնդիրներ կան, որոնք լուծելի համարեց:

«Քաղաքային համայնքներում գրեթե նման խնդիրների առաջ չենք կանգնի: Գյուղական համայնքներում էլ, եթե նմանատիպ խնդիրներ առաջանան, կփորձենք շատ արագ մեր ուժերով այլ ալտերնատիվ տարբերակներ քննարկենք հարցը կարգավորելու», - նշեց նա:

Շիրակը այս տարի մոտ 3100 առաջին դասարանցի կունենա։ Մարզային ենթակայության 146 դպրոցներում շուրջ 27 հազար աշակերտ է սովորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG