Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում իր երկու անդամ պետություններին՝ Հունաստանին և Թուրքիային, Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա տարաձայնությունները հաղթահարել երկխոսության միջոցով։ Այդ մասին այսօր Բեռլինում, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մեզ բոլորիս էլ մտահոգում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող կացությունը։ Ես մշտական կապի մեջ եմ Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Իմ ուղերձը հետևյալն է՝ առկա խնդիրները պետք է լուծվեն դաշնակցային համերաշխության ոգուն և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Երկխոսությունն ու լարվածության թուլացումը բոլորի շահերից է բխում», - հայտարարում էր Ստոլտենբերգը։
Պաշտոնական Աթենքի և Անկարայի միջև լարվածությունն աճել է Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Թուրքիայի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքների վերսկսումից հետո: