Մատչելիության հղումներ

«Ֆորբսն» անդրադարձել է Ադրբեջանի SOCAR պետական ընկերության մասնավորեցման հնարավորությանը


«Ֆորբս» հեղինակավոր հանդեսն անդրադարձել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի սեփականաշնորման հնարավորությանը, նշելով, որ ինչպես հումքի արտահանումից կախված աշխարհի մյուս երկրների, այնպես էլ Ադրբեջանի տնտեսությունը կորոնավիրուսի գլոբալ համավարակի պատճառով մեծապես տուժում է, հատկապես նավթի և գազի ոլորտները։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` Ադրբեջանի տնտեսության անկումն այս տարի կլինի 2,6 տոկոսով ավելի խորը, քան կանխատեսվում էր նախորդ զեկույցում։ Չնայած գալիք տարի ակնկալվում է համախառն ներքին արդյունքի 2,2 տոկսոսի փոքր աճ, «Ֆորբսի» տնտեսական մեկնաբանը գտնում է` Ադրբեջանի կառավարության համար եկել է ժամանակը` տնտեսությունն արագ քայլերով վերակառուցելու համար։

Նավթն ու գազն ապահովում են Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, պետական բյուջեի եկամուտների շուրջ 2/3-ը և արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը։ Թվերը պարզ ցույց են տալիս, որ Ադրբեջանի տնտեսությունը նստած է էներգակիրների վրա, իսկ դրանց գները համաշխարհային շուկայում նվազում են։ Այս ամսվա սկզբին Ադրբեջանի կառավարությունը ստիպված վերանայեց պետբյուջեն, բյուջեն կազմվել էր նավթի մեկ բարելը 55 դոլարի հաշվարկով, վերանայված բյուջեով մեկ բարելից ակնկալվում է ստանալ 35 դոլար։ Բյուջեի եկամտային մասը կրճատվել է։

Այս ամսվա սկզբում` կառավարության օգոստոսի 6-ի նիստում, քննարկելով երկրի տնտեսության վատթարացող իրավիճակը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր էներգետիկ հսկա SOCAR պետական ընկերությանը շռայլ ծախսերի ու վատնումների համար, նշելով որ SOCAR-ն իր ծրագրերն իրականացնում է ոչ թե սեփական գումարների, այլ պետբյուջեի հաշվին։

«Նույնիսկ գազի խողովակները սպառողներին հասցնելու գործը կատարվում է բյուջեի հաշվին, բայց դա SOCAR-ի ուղղակի պարտականությունն է։ Այս տարի մենք պլանավորել ենք պետբյուջեից 100 միլիոն մանաթ (գրեթե 60 միլիոն դոլար) տրամադրել գյուղերի գազաֆիկացմանը։ Եթե այդ ամենը պետությունն է անում, ապա ի՞նչ է անում SOCAR-ը, վերջ ի վերջո դա նրա գործն է ու պարտականությունը»,- դժգոհել էր Ալիևը։

Ալիևը հրապարակային իր ելույթում խոսել է SOCAR-ը, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական մենաշնորհային ընկերությունները սեփականաշնորհելու հնարավորության մասին` վատ կառավարման համար քննադատելով նաև էլցանցերի AzerEnergy ընկերությանը, Կասպիական նավագնացության ընկերությանը` Caspian Shipping Company, Ադրբեջանի երկաթուղային Azerbaijan Railways-ին, ինչպես նաև ավիաընկերությանը` Azerbaijan Airlines. բոլորն ընկած են կարճ և երկարաժամկետ պարտքային պարտավորությունների մեջ։

«Ֆորբսը» նշում է, որ Ալիևը լավ է տիրապետում թեմային, մինչ Ադրբեջանի նախագահ դառնալը նա 10 տարի SOCAR-ի փոխնախագահն էր, նրա ոլորտն արևմտյան գիգանտ ընկերությունների հետ համագործակցության ընդալայնումն էր։

Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով` SOCAR-ի վատ ու անարդյունավետ կառավարման մասին Ալիևի խիստ գնահատականներն ուշացած են հնչել, մեծ պետական ընկերությունների սեփականաշնորհումը հեշտ գործ չէ, իսկ տնտեսագետի կարծիքով` եթե հրատապ քայլեր չկատարվեն, SOCAR-ը 2023-ին կարող է սնանկանալ։

«Ֆորբսը», բերելով հետխորհրդային երկրներում իրականացված տնտեսական մի շարք վերակառուցումների, մասնավորեցումների օրինակներ, նշում է, որ Ալիևի համար հետաքրքրական կլինի կասպյան հարևան Ղազախստանի, ինչպես նաև արևելյան մի շարք երկրների օրինակները։

Շուկայի ազատականացումը, մասնավորեցումը, թափանցիկությունը, օրենքի գերակայությունը և հատկապես բրիտանական ընդհանուր նորմերի օգտագործումը Թայվանին, Սինգապուրին և Հոնկոնգին դասեցին ամենադինամիկ տնտեսություն ունեցող երկրների շարքում, միաժամանակ հաղթահարվեց միլիոնավոր մարդկանց աղքատությունը։ Նման մոտեցումը հավանական է` կաշխատի նաև նախկին սոցիալիստական Ղազախստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև նավթագազային այլ երկրների համար։ Ադրբեջանը կարող է ռազմական այդ կուրսից նշանակալից օգուտներ ունենալ։ Կառավարությունը պետական մեծ բաժնեմասեր է պահում այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են Ադրբեջանի ավիաուղիները, «Ազելեկոմը», «Ազէներգին», «Ազերկոսմոսը», Բաքվի մետրոն։

2019 թվականի մայիսին պետգույքի կոմիտեն 98 ձեռնարկություններ ընդգրկել է սեփականաշնորհման ցանկում, բայց գործընթացը շատ դանդաղ է տեղից շարժվում։ Նրանք կարող են կապիտալի շուկաներից արտասահմանյան ներդրումներ բերել։

«Շուկայի խաղացողների միջև մրցակցությունը, կորպորատիվ կառավարման բարելավումը օգտակար կլինի հաճախորդների, սպառողների համար, կմեծացնի հարկային բազան և կստեղծի լավ վարձատրվող աշխատատեղեր միջին և երկարաժամեկտ հեռանկարում», - ամփոփում է «Ֆորբսի» տնտեսական վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG