Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ը մշակել է փոստային կապով դեղերի ստացման ընթացակարգը


«Հայփոստ»-ի մասնաճյուղ, արխիվ
«Հայփոստ»-ի մասնաճյուղ, արխիվ

Վաղվանից քաղաքացիները կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները՝ տարին մեկ անգամ, ոչ ավել քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով, «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։

«Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները` անձնագրային և ՀԾՀ, պետք է գրանցվեն համապատասխան բազաներում: Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։ Միևնույն ժամանակ «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչև երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը», - ասված է «Հայփոստ»-ի հաղորդագրությունում:

«Եթե առաքանին ներառում է 5 անվանում և/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում», - ընդգծում է ընկերությունը՝ հավելելով, որ հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ»-ն ինքը կարող է նրա փոխարեն դիմել Առողջապահության նախարարություն և թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։

Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանցող գրանցված կամ չգրանցված դեղերի ներմուծումը այն դեպքում, եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի դեղագործական շուկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG