Մատչելիության հղումներ

Իսպանիային սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես, արխիվ

Իսպանիայում վերջին շրջանում նորից աճել է նորոնավիրուսով ախտահարումների թիվը:

Մադրիդի հիվանդանոցները պայքարում են COVID-19 հիվանդության դեմ, իսկ հանրությանը խիստ մտահոգում է ուսումնական նոր տարվա մեկնարկը:

Սեպտեմբերից աշակերտները պետք է վերադառնան դպրոցներ, ուսուցիչների ընկերակցությունը և ծնողների միությունները քննադատում են կառավարությանը, ասելով, որ երկրի իշխանությունը չունի կրթօջախների վերաբացման հստակ հայեցակարգ:

Իսպանիան կորոնավիրուսից առավել տուժած եվրոպական երկրներից մեկն է:

Այս շաբաթասկզբի դրությամբ Իսպանիայում ընդհանուր հաշվով գրանցվել է ախտահարումների ավելի քան 405 հազար դեպք, մահացել է շուրջ 28 հազար 900 մարդ:

Վարակվածների թիվը սկսել է աճել այն բանից հետո, երբ Իսպանիան, հետևելով եվրոպական այլ երկրների օրինակին, հունիսից սկսել է թուլացնել կարանտինի սահմանափակումները:

Այս երկուշաբթի օրը գրանցվել է 2 հազար 60 նոր դեպք: Մասնագետների կարծիքով, Իսպանիային սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը, առավել հոռետես բժիշկներն էլ ասում են, որ այն արդեն սկսվել է:

Վարչապետ Պեդրո Սանչեսը երեկ ասել է, որ վիճակագրությունը բավական մտահոգիչ է, բայցև հավաստիացրել է, թե կառավարությունն ամեն ինչ կանի երկրորդ ալիքը զսպելու համար:

«Հաշվի առնելով դեպքերի աճը, ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել զգոնության և հանգստության մասին: Նախ պետք է զգոն լինենք, որովհետև այս կորը լավ բան չէ, այն հատկապես մտահոգիչ է մեր որոշ շջաններում, մենք պարտավոր ենք հարթել կորը: Բայց ասեմ նաև հանգստության մասին՝ զգոն լինելու հետ մեկտեղ պետք է հանգիստ լինենք, որովհետև չկա այնպիսի վիճակ, որը հաստատվել էր մարտի կեսերին, մենք դրանից շատ հեռու ենք, չպետք է վերադառնա այն վախը, որը կաթվածահար էր արել բոլորիս, այդպես չի լինի», - ասել է վարչապետը:

Նրա փոխանցմամբ՝ երկիրը պատրաստ է դիմագրավել երկրորդ ալիքի վտանգը, կներգրավվեն պետական բոլոր հաստատությունները, Իսպանիայի բանակի 2 հազար զինծառայողներ կմասնակցեն համավարակը զսպելու, բացահայտելու աշխատանքին:

«Մենք թույլ չենք տա, կրկնում եմ` թույլ չենք տա, որ այս համավարակը նոր կյանքեր խլի: Եվ որքան արագ ու որքան հզոր հարված տանք երկրորդ ալիքին, այնքան ավելի վստահ կհաղթենք», - ասել է վարչապետ Պեդրո Սանչեսy, ընդգծելով, որ հաջողության համար պահանջվում է ամբողջ Իսպանիայի ժողովրդի միասնությունը:

XS
SM
MD
LG