Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանի արձակուրդը «պլանավորված էր». ԱՆ խոսնակ


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը վարչապետի որոշմամբ օգոստոսի 31-ից 19 օրով կլինի արձակուրդում։ Վարչապետի այս որոշումը հրապարակվեց նախարարի հրաժարականի մասին համառ լուրերի ֆոնին։

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, արձակուրդի մասին պաշտոնական տեղեկության հրապարակումից րոպեներ առաջ «Ազատությանը» վստահեցրել էր, որ Թորոսյանը շարունակում է բնականոն աշխատանքը՝ ոչինչ չասելով, սակայն, արձակուրդի մասին։ Ավելի ուշ պնդեց՝ սա ծրագրված արձակուրդ էր և դարձյալ հերքեց հրաժարականի մասին տեղեկությունները. - «Պլանավորված արձակուրդ է: Նախարարն օգտվում է իր տարեկան հասանելի արձակուրդից»:

Իսկ հարցին, թե արդյոք հրաժարականի թեման քննարկվո՞ւմ է, Նիկողոսյանն արձագանքեց.- «Ոչ: Ենթադրությունների, ապագայի մասին ես ոչ մի բան չեմ ուզում ասել, բայց կյանք ա էլի... Բայց էս պահին նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը և հրաժարականի դիմում չի ներկայացրել»:

Արձակուրդի ժամանակահատվածում Թորոսյանին կփոխարինի փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին, թե արդյոք Թորոսյանը արձակուրդից աշխատանքի կվերադառնա՞, մամուլի քարտուղարը դրական պատասխան տվեց: Մամուլում, սակայն կան նաև հակառակ պնդումները. գրում են, թե վարչապետը դժգոհ է կորոնավիրուսի համավարակի ընթացքում Թորոսյանի կատարած աշխատանքից և նախարարի հետ կոշտ խոսակցություն է ունեցել։ Պարետատունն էլ, ըստ մամուլի, նախարարից մանրամասն հաշվետվություն է պահանջել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարների ծախսերի մասին։ Նախարարությունից այս տեղեկությունը ո'չ հերքում, ո'չ հաստատում են:

Ալինա Նիկողոսյան. - «Այսինքն դուք վստահ եք, որ նման հաշվետվության պահանջ կա, եթե «Ժողովուրդը» գրել է... Ես անկեղծ չեմ ուզում անդրադառնալ նրանց գրածին... Դուք կարող եք դա նաև պարետատնից ճշտել»:

Պարետատնից տեղեկությունը հերքում են։ «Նման հաշվետվություն պարետատունը չի պահանջել», - «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Չնայած դրան, այսօր նախարարության պաշտոնական էջում հրապարակում էին կատարել , որից տեղեկանում ենք 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Covid 19 -ի շրջանակներում նախարարության ծախսերը կազմել են շուրջ տասը միլիարդ դրամ։ Իսկ տեղեկությունը, թե այս ծախսերի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել, նախարարն էլ հրավիրվել է ԱԱԾ, «Ազատության» հետ զրույցում հերքեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակը:

Նախօրեին նախարարի հրաժարականի մասին լուրերի շրջանառման պատճառներից մեկն էլ նախարարի ֆեսբուքյան բազմահազարանոց հետևորդներ ունեցող էջի ապաակտիվացումն էր։ Խոսնակը պնդում է, որ այդ քայլը կապ չունի դատարանի որոշման հետ, որով նախարարը պարտավոր է իր ֆեսյբուքյան էջով ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն , երրորդ նախագահ Սերժ խնամի Արա Մինասյանից։

38-ամյա նախարարը մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։ Մինչև նախարար նշանակվելը «ՄԻԲՍ» ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր։ 2018-ին պաշտոնը ստանձնելուց հետո Թորոսյանը հետհեղափոխական Հայաստանում մի շարք կտրուկ փոփոխություններ է նախաձեռնել, որոնք ոչ միանշանակ են ընդունվել ոլորտի ներկաայցուցիչների և որոշ դեպքերում անգամ թիմակիցների կողմից։ ԱԺ ամբիոնից նախարարին հասցրել են քննադատել նաև իշխող ուժի պատգամավորները։ Կան նաև կարծիքներ, որ նա գործադիրի այն քիչ ներկայացուցիչներից է, ով չի վախենում արմատական ու հեղափոխական փոփոխություններ նախաձեռնելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG