Մատչելիության հղումներ

Արման Թաթոյան. «Նուբարաշենի» բանտախցում երկու ազատազրկվածների վրա արձանագրել ենք մարմնական վնասվածքներ


Բանտ Հայաստանում, արխիվ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հսկողության ներքո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում օրերս բանտում տեղի ունեցած դեպքը պարզելու համար, փոխանցում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատախազությունը պահանջել է նախապատրաստվող նյութերը՝ անկողմնակալ, համակողմանի քննության ապահովման համար վարույթի հետագա իրականացումը Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հանձնարարելու նպատակով:

Երեկ «Նուբարաշենի» բանտ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ: Բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Թաթոյանն «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց՝ ունեն առերևույթ տվյալներ վատ վերաբերմունքի մասին. - «3 ազատազրկվածից 2-ի վրա արձանագրել ենք մարմնական վնասվածքներ: Մեկի հետ կապված մարմնի վրա որոշակի հետքեր կային, դա էլ նույնպես մենք արձանագրելու ենք: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք պետք է ստուգվեն քրեական դատավարության շրջանակում»:

Թաթոյանը նաև նշեց, որ ահազանգեր ունեն նաև «Արթիկի» բանտից, և իրենց արագ արձագանքման խումբն այցելել է նաև այդ քրեակատարողական հիմնարկ։ Մարդու իրավունքների պաշտպանը գլխավոր դատախազություն գրություն կուղարկի, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու համար։

Երեկ երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր Ֆեյսբուքում գրել, թե դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշենի» բանտում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ծեծի ենթարկել բանտարկյալներին. - «Այդ ինֆորմացիան ով որ տվել է, որը տիրապետում է ամբողջությամբ ինֆորմացիային, ասել է, որ սպանում են»:

Բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր առավոտյան «Նուբարաշենի» բանտ այցելելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, նաև հաշվետվություն Արդարադատության նախարարություն բանտում իրենց տեսածի վերաբերյալ։

Դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում, այդուհանդերձ, դեռևս ձեռնպահ մնաց մանրամասներ փոխանցելուց, մասնավորապես արդյոք բանտարկյալները ծեծի ենթարկվել են, թե ոչ: Ասաց՝ խոսել է իրավապաշտպանի մատնանշած բանտարկյալների հետ. - «Հանդիպումներ ենք ունեցել ինչպես վարչակազմի պետի հետ, այնպես էլ առանձին ազատազրկված անձանց և մշտադիտարկել ենք նաև որոշ խցեր: Արձանագրվածի հիման վրա մենք, նաև վերհանելով նախորդ օրը` կիրակի օրը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ ջոկատայինների գործողությունները, հիմք ընդունելոով այդ գործողությունները, հենց այսօր հրատապ հաշվետվություն կներկայացնենք, գրություն կներկայացնենք Արդարադատության նախարարություն և նաև հանցագործության մասին հաղորդում գլխավոր դատախազություն»:

«Ազատության» դիտարկմանը՝ եթե հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն հանցագործության մասին, արդյոք դա չի նշանակում, որ բռնություն է կիրառվել բանտարկյալների նկատմամբ, Հարությունյանն արձագանքեց. - «Քանի որ խումբը հավելյալ տեղեկություն և ընդհանրապես այցերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակային դարձնում է առաջնորդվելով կարգով, առավել բովանդակային տվյալներ այս պահին չեմ կարող ուղղակի մանդատով առաջնորդվելով տրամադրել, բայց այն, ինչ արձանագրվել է «Նուբաշարեն» ՔԿՀ-ում, մեզ թույլ է տալիս հանդես գալ նման հայտարարությամբ»:

Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով, ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: «Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ», - գրել է Լուսինե Մարտիրոսյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ «Նուբարաշենի» բանտում կատարվածի մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրից, քննադատում է Արդարադատության նախարարության նման վերաբերմունքը. - «Փակ համակարգում ասենք` մարդկանց բռնության ենթարկելը, ես չեմ պատկերացնում` հեղափոխությունից հետո ինչու են բռնության ենթարկում բանտերում, և սա առաջին ահազանգը չի, ես միշտ չի, որ բարձրաձայնում եմ, այս անգամ պարզապես բարձրաձայնեցի»:

Ալեքսանյանը շեշտում է՝ ազատազրկվածներին ծեծի ենթարկելու մասին պարբերաբար տեղեկություններ է ստանում, բայց իրավասու մարմինները աչք են փակում մարդու իրավունքների այդ խախտումների վրա. - «Դուք գիտեք, որ փետրվար ամսին ներխուժել էին խցերից մեկը, որտեղ պահվում է Վահագն Աբգարյանը, և նրան դանակահարել էին ու դաժան ծեծի ենթարկել: Պաշտոնական տեղեկություններով` բանտի պետի թույլտվությամբ է եղել «Նուբաշենի», որին որպես պատիժ տեղափոխեցին մեկ այլ բանտում պետ, այսինքն` ոչ մի պատիժ չի հետևել այդ դեպքերին»:

Իրավապաշտպանն ընդգծում է՝ այս իշխանության օրոք մարդու իրավունքների վիճակը իրավապահ համակարգում նույնն է, ինչ նախկինում. - «Նշեմ նաև, որ այս իրավիճակին բացարձակապես չի արձագանքում «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը, երբ որ մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, նա մշտապես այցելում էր նման արտառոց դեպքերին: Ես պետք է ասեմ նաև, որ առանձնապես տարբերություն չեմ տեսնում բռնության դեպքերի նախկին իշխանություննների ժամանակ և հիմա, նույնը ոստիկանությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG