Մատչելիության հղումներ

Ստեփանավանի ավագանու 14 անդամից 7-ը հրաժարական է տվել, համայնքապետը չի պատրաստվում հետևել նրանց


Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյան, արխիվ

Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին:

2017 թվականին ձևավորված ավագանու հրաժարական ներկայացրած 7 անդամներից միայն մեկը՝ Արթուր Սուքիասյանն է դիմումում նշել իր դրդապատճառների մասին: Գրել է, թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Ստեփանավանը և համայնքապետն այդպես էլ չկարողացան համակերպվել հեղափոխական արժեքների ու նոր Հայաստանի ծաղկման տեսլականի հետ և հավատարիմ են նախկինների վարած քաղաքականությանը: Այս պարագայում Սուքիասյանն անիմաստ է համարել իր ներկայությունը մի կառույցում, որտեղ, ըստ նրա, բոլոր դռները փակ են փոփոխությունների, ժողովրդավարության ու կառուցողական աշխատանքի առջև:

Արթուր Սուքիասյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր էլ պնդում է իր դիտարկումները:

«Էդ որոշումը ես մի քիչ, սենց, սրտիցս պոկելով արեցի, որովհետև էլ չէի կարում ես: Սենց ասեմ՝ սրտահան էի լինում, գնում դեղ խմում, ու չէր լուծվում, չէր լուծվում իմ ուզածով: Ու ես նենց եսիմ ինչեր չէի ուզում՝ ուզում էի, որ էս ծրագրերից, էս հեղափոխությունից մեր քաղաքն էլ օգտվի», - նշեց Սուքիասյանը:

Ստեփանավանի 8 տարվա քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հակադարձում է՝ քաղաքի դռները բաց են եղել թավշյա հեղափոխության առաջ, ավագանին է, որ իր տեղում չի եղել, գործը լիարժեք չի արել:

«Այսինքն, ի՞նչ, թավշյա հեղափոխությունը էկել ա թունելում լռվել ա՞, չի կարո՞ւմ անցնի էս կողմ՝ Ստեփանավանի տարածք, չեմ թողե՞լ ես: Կոնկրետ կետ-կետ պատճառաբանություններով ինքը ներկայացնի, թե ես ինչին եմ խանգարել, կամ ինչի, որ պահերով ես Կառավարության, իշխանության հետ չեմ գնում: Թող դնեին, մի անգամ գոնե բարձրացնեին էդ ձայնը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ղարաքեշիշյանը՝ վստահեցնելով, որ աշխատում է իշխանությունների հետ:

Ավագանու հրաժարական ներկայացրած մյուս 6 անդամներն իրենց դիմումներում որևէ պատճառ չեն նշել։ Պարզապես համայնքի ղեկավարին խնդրել են դադարեցնել իրենց լիազորությունները։ Նրանցից ոմանք «Ազատությանը» հեռախոսով ասացին՝ իրենց աշխատանքի հետ ժամանակ չեն ունենում մասնակցելու նիստերին, ուստի նախընտրել են թողնել ավագանու անդամի չվճարվող աշխատանքը։ Մեկն առողջական խնդիրները մատնացույց արեց։ Բոլորն էլ նշեցին, թե մեկ-երկու օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում գրելիս միմյանց հետ չեն քննարկել, չեն պայմանավորվել ու որոշումը միասնական չի եղել։ Անգամ վստահեցնում են, թե տեղյակ չեն եղել մյուսների հրաժարականի մասին։

Մինչդեռ համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանն ասում է՝ չի հավատում այդ պնդումներին. - «Ու վդռուգ էս մի օրվա մեջին, մի օրվա ընթացքում պարզվեց, որ ընդհանրապես քաղաքը պարալիզացված ա, թավշյա հեղափոխությունը չեկավ, չհասավ ստեղ: Ես եմ, էլի, տոռմուզ եմ էս պետությանը: Էս իրանց հրաժարականը ինձ ոչ մի բանով չի խոչընդոտում, թող իրանք մտածեն՝ ինչի են տվել, ու ով որ իրանց ստիպել է, որ տան, թող նրանք մտածեն»:

Հարցին՝ իր կարծիքով քաղաքակա՞ն է որոշումը, համայնքապետը դրական պատասխանեց, իսկ թե ո՞վ է ստիպել, հայտարարեց. - «Թող իրանք էլ որոշեն ու ասեն, դուրս էկողները լավ գիտեն: Երբ որ գա ժամանակ, ես ամեն ինչ կասեմ»:

Ավագանուց հեռանալու դիմում ներկայացրած Արթուր Սուքիասյանը հերքում է. ոչ ոք իրեն չի ստիպել, անգամ նման առաջարկ չի ստացել։ Պարզապես հեղափոխական արժեքներից հեռու համայնքապետի հետ աշխատելն այլևս անհնար է. ինքն ուղղախոս մարդ է, ուղիղ խոսքն էլ Ստեփանավանում երբեք չի ընդունվել, ասում է:

Եթե Կառավարությունն օրինական համարի Ստեփանավանի ավագանու փոքրաթիվ կազմով ընդունած որոշումը ավագանին լուծարելու մասին, առաջիկայում նոր ընտրություններ տեղի կունենան արդեն համամասնական ընտրակարգով՝ ոչ թե անհատներին ձայն կտան ընտրողները, այլ՝ կուսակցություններին, ինչպես տարիներ առաջ տեղի ունեցավ Երևանում, Վանաձորում ու Գյումրիում։

Համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, որ Հանրապետական կուսակցության անդամ է, ասում է՝ ավագանու անդամներին չի հետևի, հրաժարականի դիմում չի գրի։ Դեռ չի որոշել՝ ինչպես կմասնակցի ավագանու ընտրություններին 2022 թվականին պաշտոնը պահպանելու համար, այդ մասին առայժմ չի մտածում։ Ուրիշ մտածելու առիթներ ունի: 8 տարվա համայնքապետի նկատմամբ հարուցված 8 քրեական գործ կա։ «Ես օրվա կեսը ստեղ եմ, օրվա կեսը՝ Քննչականում կամ դատարանում: Եթե էսօրվա պետության մեջ դա նորմալ ա, ես էլ պետության մարդ եմ, ի՞նչ խնդիր կա: Ոչինչ, ի՞նչ ա էղել, մարդ կա՝ 22 հատ կա վրեն», - հայտարարեց Ղարաքեշիշյանը:

Դատախազությունը դիմել է դատարան համայնքապետին կալանավորելու միջնորդությամբ։ Առաջին ատյանի դատարանը որոշել է չկալանավորել 8 քրեական գործով անցնող Ղարաքեշիշյանին։ Իրավապահները բողոքարկել են դատարանի որոշումը։ Օգոստոսի 31-ին Վերաքննիչ դատարանը կքննի միջնորդությունը՝ կալանավորե՞լ Ստեփանավանի համայնքապետին, թե՞ ոչ։

Միքայել Ղարաքեշիշյանից առաջ ևս 13 տարի քաղաքը ղեկավարել է նրա եղբայրը՝ Սարգիս Ղարաքեշիշյանը, որի նկատմամբ ևս պաշտոնավարման տարիներին մի քանի քրեական գործեր են հարուցվել՝ կոռուպցիայից մինչև սպանության փորձի մեղադրանքներով, սակայն որևէ գործ այդպես էլ դատարան չի հասել։

Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, որ 5 տարի ղեկավարել է տեղի սոցիալական ծառայությունը, այժմ դատվում է երկու ծանր մեղադրանքով։ Ըստ այդմ՝ նա 2018 թվականին ապօրինի հատել է պետական սահմանն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օժանդակությամբ փորձել փախչել Հայաստանից, երբ բացահայտվել է, որ իր ղեկավարած կառույցը պետությունից հափշտակել է ավելի քան կես միլիարդ դրամ։ Այժմ Ստեփանավանի համայնքապետի որդուն վերաբերող այս երկու գործն էլ քննում է դատարանը՝ առանց նրան կալանավորելու։

XS
SM
MD
LG