ԱՄՆ նախագահի ամենաազդեցիկ օգնականներից և Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաերկարակյաց պաշտոնյաներից Քելիեն Քոնվեյը հրաժարական է տալիս:
Օգոստոսի վերջին պաշտոնը թողնելու մասին լուրը հայտնել է անձամբ Քոնվեյը, ով մինչ Սպիտակ տանն աշխատանքի անցնելը Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ղեկավարն էր, ապա՝ ավագ խորհրդականը:
Քոնվեյն աչքի է ընկել Թրամփի նկատմամբ ընդգծված հավատարմությամբ, վճռականորեն պաշտպանել և արդարացրել է Սպիտակ տան ղեկավարի որոշումները:
Հրաժարականի մասին որոշումը Քելիեն Քոնվեյը բացատրում է «չորս երեխաների հետ ժամանակ անցկացնելու» անհրաժեշտությամբ:
Ի դեպ, Քոնվեյի ամուսինն ԱՄՆ նախագահի կոշտ ընդդիմախոսներից է, ով մաս է կազմում Թրամփի վարչակազմին բացահայտ քննադատող «Լինքոլն նախագծին»: