Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է բանակցել խոցված ուկրաինական օդանավի փոխհատուցման շուրջ


Իրանը պատրաստ է բանակցել Թեհրանի օդային տարածքում խոցված ուկրաինական օդանավի փոխհատուցման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Ավիացիայի կազմակերպության նախագահ Թուրաջի Զանգաշեն:

«Անկասկած Իրանը ստանձնել է այդ սխալի պատասխանատվությունը, հետևաբար ամբողջովին պատրաստ է բանակցություններ սկսել փոխհատուցման շուրջ»,- IRNA գործակալության փոխանցմամբ, ասել է իրանցի պաշտոնյան:

Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար օդանավը ոչնչացվել է հունվարի 8-ին: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ: Օրեր տևած ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` ուկրաինական Boeing-ը կործանվել է երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

Վերջին շաբաթներին հայտնի է դարձել, որ պաշտոնական Թեհրանը Ուկրաինա է ուղարկել փոխհամաձայնության հուշագրի նախագիծ, ըստ որի` Կիևը և զոհերի ընտանիքները համաձայն են, որ օդանավը խոցվել է «մարդկային սխալի» պատճառով և հրաժարվում են դատարան դիմելու իրավունքից։ Ուկրաինան մերժել է այդ առաջարկը:

XS
SM
MD
LG