Մատչելիության հղումներ

Բանաստեղծը՝ համավարակային ժամանակաշրջանի մասին. «Կարծես ֆանտաստիկայի ժանրի ինչ-որ վեպում լինենք»


Հայաստանի Ազգային գրադարանում, արխիվ
Հայաստանի Ազգային գրադարանում, արխիվ

Բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գաբրիելյանը հայտնի անուն է մեր գրական դաշտում ոչ միայն բանաստեղծական ու թարգմանական իր ժողովածուների շնորհիվ, այլև մեկ տարի առաջ հիմնադրած «Դարակ» հրատարակչության ծավալած գործունեության շնորհիվ:

Այս տարվա համար նախատեսված բազմաթիվ հրատարակչական ծրագրերն ինչ-որ չափով որոշակի բարդությունների առջև կանգնեցին՝ կապված գարնանային առաջին իսկ օրերից անսպասելիորեն ի հայտ եկած համավարակի հետ, բայց «Ազատության» հետ զրույցի ընթացքում Աշոտ Գաբրիելյանը շեշտում էր, որ հաջողել է դրանց մեծ մասը հաղթահարել:

«Իհարկե, դժվարություններ կան, ու ընդհանրապես, ինձ թվում է, տնտեսության բոլոր ոլորտներում էլ զգալի է, բայց հատկապես գրքի առումով զգալի է, որովհետև մարդիկ շատ ժամանակ իրենց անորոշության մեջ, չիմանալով, թե ինչքան կտևի համավարակը, փորձում են խնայել, և գիրքը իրենց համար դառնում է երկրորդական, երրորդական ապրանք, խուսափում են ավելի մեծ նշանակություն տալ գրքին: Այդ շարունակականությունը մի քիչ վնասեց», - ասաց Գաբրիելյանը:

Թե կոնկրետ իրենց հրատարակչությունն ինչ հասցրեց անել այս ընթացքում, նա նշեց. - «Այս ընթացքում մենք շարունակեցինք գրքերը տպագրել, իհարկե, մենք ավելի մեծ ծավալներ էինք նախատեսում, որոշակի առումով մեր ծավալները քչացրեցինք ու շարունակեցինք աշխատել ու տպագրել նոր գրքեր՝ այն հույսով, որ վաղ թե ուշ համավարակը կանցնի, և մենք ինչ-որ չափով պատրաստված կլինենք ընթերցողներին նոր գրքեր մատուցելու համար»:

«Դարակ» հրատարակչությունը, ըստ հիմնադրի, առայժմ միայն գեղարվեստական գրականություն է տպագրում: «Մի քանի ուղղություններ ունենք: Փորձում ենք ավելի, մանկապատանեկան գրականությունը առաջնահերթություն է մեզ համար, որովհետև <...> միջին դպրոցի համար կարծես թե գեղարվեստական գրքերի բաց կա շուկայում, ընթերցանության հանդեպ սեր ունենալով՝ միջին դպրոցում չեն կարողանում նոր գրքեր տեսնել, որպեսզի շարունակեն իրենց ընթերցանությունը, պատանեկան գրականության բացն ենք լրացնում: Նաև ուշադրություն ենք դարձնում ժամանակակից տենդենցներին համաշխարհային գրականության և լավագույն մրցանակներ ստացած, մեծ մրցանակներ գրական ստացած ստեղծագործություններն ենք թարգմանում: Նաև ուշադրություն ենք դարձնում խորհրդային շրջանում ուշադրությունից դուրս մնացած հեղինակներին: Ուշադրություն ենք դարձնում նաև մեր գրականության 60-ական-70-ական թվականներին հրատարակված ստեղծագործություններին, որոնք վերարժևորելու կարիք կա», - մանրամասնեց Աշոտ Գաբրիելյանը:

Թե ի՞նչը ստիպեց, որ բանաստեղծը և թարգմանիչը զբաղվի նաև հրատարակչական գործով, Գաբրիելյանն ասաց. - «Իհարկե, մի քիչ դժվար է այդ հարցը, բայց ցանկացած բանաստեղծ մերօրյա զբաղվում է, այսպես ասած, նաև ուրիշ գործով, որպեսզի կարողանա հոգալ իր կարիքները: Ամեն մեկը ինչ շնորհ ունի, դրանով է զբաղվում: Քանի որ այս ոլորտը ինձ նաև քաջածանոթ էր, զբաղվում եմ նաև այս գործով»:

«Որպես բանաստեղծ՝ այս, այսպես ասենք, ինքնամեկուսացման, արտակարգ դրության այս հինգ ամիսների ընթացքում ինչ-որ ստեղծագործական առաջընթաց ունեցա՞ք», - այս հարցին էլ բանաստեղծը պատասխանեց. - «Մեծ պահանջ ունենում ենք շատ ժամանակ գրելու, բայց այս ընթացքում, այսպես ասած, սղագրություններ եմ անում, որովհետև, անկեղծ ասեմ, ժամանակը չի հերիքում՝ կոնկրետ նստելու և գրականությամբ զբաղվելու համար, այդ թվում՝ բանաստեղծությամբ: Բայց ինձ թվում է՝ կլինեն այսպիսի պահեր»:

Բնութագրելով համավարակային ժամանակաշրջանը՝ Աշոտ Գաբրիելյանն ասաց. - «Հոգեբանական առումով՝ կարծես ֆանտաստիկայի ժանրի ինչ-որ վեպում լինենք, որ հայտնվել ենք այլ մոլորակում: Քանի որ սկզբնական շրջանում հենց այդ արտասովորությունը, մի տեսակ, նույնիսկ չէր հոգնեցնում դեռ, երբ որ սկսեց հոգնեցնել, արդեն հիմա, ոնց որ, հոգնեցնելու հետ միաժամանակ նաև սկսում ենք սովորել այդ հոգնությանը: Իրավիճակի հետ ինչ-որ առումով հաշտվեցինք, որովհետև երբ որ քեզանից դուրս է, դու չես կարող տիրապետել, կառավարել այդ իրավիճակը, ստիպված ես լինում համակերպվել: Որովհետև մարդը միշտ փորձում է ինչ-որ անելանելի վիճակների կամ ինչ-որ բաների հանդիպելիս սեփական ուժերով հաղթահարել դրանք, բայց սա մարդու անձից կախված չէ և ընդհանուր, հանրային բնույթ ունեցող խնդիր է, և ստիպված ես լինում համակերպվել: Համակերպվել ու ելքեր որոնել նորմալ կենսակերպի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG