Մատչելիության հղումներ

Համավարակը խնդիրներ է առաջացրել աշխատող - գործատու հարաբերություններում


Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը աշխատող - գործատու հարաբերություններում մի շարք խնդիրներ է առաջ բերել։

Աշխատողների գերակշիռ մասը առանց աշխատանքային պայմանագրին ծանոթանալու ստորագրում է ու հաճախ փաստի առաջ կանգնում, այսօր հրավիրած քննարկմանը ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան Գայանե Գևորգյանը:

Կազմակերպությունը մի քանի ամսվա ընթացքում աշխատողների իրավունքների խախտման 1000-ից ավելի բողոքներ է ունեցել. – «Տեքստիլ արտադրության հետ կապված խնդիրներ մենք շատ ունեցանք, որ ամենատուժած ոլորտներից մեկն էր հանդիսանում: Հիմնականում կան չէին գրանցվել... տեքստիլ արտադրությունում հիմնականում փորձաշրջանի հետ կապված խնդիրներ: Անձինք ընդունվել էին փորձաշրջան հակացողությունով, բայց գործատուն պատճառաբանել էր, որ փորձաշրջանի չի վճարվում, չի գրանցվում, դրա համար էլ չեք վճարվում»:

Գայանե Գևորգյանը հավելեց, որ սահմանների փակ լինելու հետևանքով են նաև մարդկանց աշխատանքային իրավունքները խախտվել: Նման մի գործ հասել է դատարան. – «Անձը աշխատող էր: Ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանից դուրս էր եկել ու ֆիզիկապես ի վիճակի չէր եղել սահմանների փակ լինելու պատճառով հետ վերադառնալ, գործատուն ստիպված էր եղել աշխատանքից ազատել: Հիմա աշխատանքի վերականգնման հետ կապված վեճով անձը հասել է դատարան` պատճառաբանությամբ, որ չէր կարող Հայաստան վերադառնալ»:

Համավարակը նաև բացահայտեց, որ Հայաստանում չգրանցված աշխատողների մի մեծ բանակ կա, այդ թվում և Շիրակի մարզում:

Գյումրիի Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Հարություն Թադևոսյանի կարծիքով, աշխատողների իրավունքները խախտվում են, քանի որ դրանց չեն էլ տիրապետում. – «Չիմացության խնդիրն է հիմնականում և աշխատատեղը կորցնելու խնդիրը: Օրինակ, վերցնենք օրենքի դաշտում. մարդը գնում է աշխատանքի, կնքում է աշխատանքային պայմանագիր: Բայց էդ աշխատանքային պայմանագիրը չի կարդում: Արդեն խնդիր է դա»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Հերմինե Հովհաննիսյանը նշեց, որ կան դեպքեր, երբ մարդիկ չեն ցանկանում գրանցված աշխատող ձևակերպվել. – «Հայտնի դարձավ, որ շատ չգրանցված աշխատողներ, ովքեր հիմնականում ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն գրանցվել: Օրինակ, գործատուն չի ուզել գրանցել կամ հենց քաղաքացին չի ուզել գրանցվել, քանի որ ինչ-որ նպաստ համակարգից է օգտվում կամ այլ խնդիրներից ելնելով: Այդ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը` նաև չստանալով փոխհատուցում դրա դիմաց: Հիմնականում նմանատիպ խնդիրներով են դիմել»:

«Ազատությունը» մի քանի անգամ անդրադարձել է աշխատողների բողոքներին, երբ գործատուն հավաստիացրել է, որ մարդկանց գրանցել է, սակայն իրականում այդպես չի եղել։ Փաստաբան Գայանե Գևորգյանը պնդում է՝ շատերը բողոքում են, բայց մինչև վերջ քչերն են գնում. – «Բացի իրավունքներին ոչ իրազեկ լինելուց, նաև վախի կամ հաշվեհարդար տեսնելու զգացողությունը, որ եթե գործատու կողմից խախտվում է իրավունքները, եթե բողոք ներկայացնեն, ամենայն հավանականությամբ, հաջորդ քայլը լինելու է աշխատանքից ազատվելը: Յուրաքանչյուր գործատուի մոտ պետք է ինչ-որ մեկը համարձակություն ունենա իր իրավունքները պաշտպանել: Մնացած աշխատողները կհետևեն: Ստացվում է էնպես, որ բոլորը բողոքում են, բայց իրականում ռեալ քայլերի կարող են դիմել ենթադրենք տասից ընդամենը մեկը կամ երկուսը»:

Առողջապահության ոլորտից էլ բողոքներ են ունեցել, որ աշխատանքը ծանրաբեռնված է:

Ամենաշատ բողոքներ տեքստիլ արտադրության ոլորտի աշխատողներից են եղել: Պարզվեց նաև գործատուներն են բողոքներ ներկայացրել. – «Մյուս կողմից գործատուների բողոքները բավականաչափ շատացան այդ ժամանակահատվածում, որովհետև, օրինակ, հանրային տրանսպորտը չէր աշխատել, եկամուտ չէր ստացել, չէր կարող վարձատրել»:

Աշխատանքային օրենսգրքում մի շարք բացեր կան և, քննարկման մասնակիցների կարծիքով, համավարակը լավ առիթ էր դրանք վերացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG