Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է ընտրական տարիքի շեմն իջեցնելու հարցը


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մի շարք փոփոխություններ է քննարկում նաև ընտրական իրավունքի ոլորտում, այդ թվում՝ ընտրական տարիքի շեմի իջեցումը։

Գործող կարգով Հայաստանում քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը այսօր այս թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց, որ գոնե տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրության մասնակցության ավելի վաղ տարիք սահմանելու գաղափարը իր համար ընդունելի է:

«Իրական կյանքում մենք ունենք մի իրավիճակ, որ մեր քաղաքացիները 18 տարեկանը լրանալուց հետո, հատկապես եթե խոսքն արական սեռի ներկայացուցիչների համար է, գնում են բանակ և ծառայությունից հետո նոր առաջին անգամ հնարավորություն են ունենում մասնակցել ընտրություններին: Հաշվի առնելով, որ թե՛ համայնքային, թե՛ Ազգային ժողովի ընտրությունները հինգ տարին մեկ անգամ է, հաճախ լինում է այնպիսի սցենար, որ մարդը 21-22 տարեկանում դեռ առաջին անգամն է, որ կարողանում է մասնակցել իշխանությունների ձևավորմանը: Կան ուսումնասիրություններ տարբեր երկրներում, որտեղ ցույց են տալիս, որ ավելի վաղ տարիքից մասնակցելու հնարավորությունը նպաստում է քաղաքացու ձևավորմանը», - ասաց պատգամավորը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ումից և տեղեկանում ենք, որ հանձնաժողովում նման հարց է քննարկվում, ասում է՝ չնայած միջազգային փորձը հիմնականում ենթադրում է 18 տարեկանից սկսած քվեարկության իրավունքի տրամադրում, պետք է հաշվի առնել նաև որոշակի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են Հայաստանին:

«Նախ մենք 16 տարեկանից տալիս ենք քաղաքացուն ընտանիք կազմելու իրավունք, ամուսնանալու իրավունք, մենք տալիս ենք քաղաքացուն աշխատելու և հարկեր վճարելու իրավունք, նույնիսկ 14-ից, եթե չեմ սխալվում, քաղաքացին ունի հավաքներին մասնակցելու իրավունք և այդ ամենով հանդերձ ինչո՞ւ չպետք է ունենա ընտրությունների միջոցով իշխանության ձևավորմանը մասնակցելու իրավունք առավել ևս, որ մենք ունենք դեռ ոչ վաղ անցյալում 18 թվականի ապրիլի հեղափոխությունը, երբ հենց այդ տարիքային խմբի երիտասարդները փողոց փակելով անմիջապես մասնակցություն ունեցան իշխանության ձևավորմանը», - նշեց Իոաննիսյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը որոշումների կայացմանը մասնակցելու տեսանկյունից այս մոտեցումը ավելի քան արդարացված է համարում, բայց նկատում է՝ խոսքը պասիվ ընտրական իրավունքի մասին է։ Այսինքն անչափահաս ընտրողը միայն ընտրելու, ոչ թե ընտրվելու իրավունք է ստանում։ Դեմ է առաջարկին, որ օրենքը նախ տարածվի ՏԻՄ ընտրությունների վրա և խնդիրներ ի հայտ չգալուց հետո նոր միայն համապետական ընտրությունների:

Խորհրդարանական ընդդիմությունը այս հարցով հրապարակային քննարկման դեռ չի մասնակցել։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում որոշակի մտահոգություններ էր հայտնել։

«Մենք դեռևս հասարակության քաղաքական հասունացման խնդիր ունենք և առանց այդ հարցի լուծման մի հատ էլ 16 տարեկաններին տալ ընտրական ձայնի իրավունք, կարծում եմ, սա ժամանակավրեպ է», - ասաց Սիմոնյանը:

Ընդդիմադիր ԲՀԿ-ից ասում են՝ առաջարկվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ գնահատական կհնչեցնեն խմբակցությունում քննարկումներից հետո միայն։ Խմբակցության քարտուղար, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Արման Աբովյանն ասաց՝ իրենք ակտիվ հետևում են հնչող բոլոր առաջարկներին:

«Երբ որ կքննարկենք և կգանք վերջնական որոշակի որոշումների, իհարկե, տեղեկացված կպահենք, առայժմ ես ոչ մի կարծիք չեմ հայտնում», - ասաց Աբովյանը:

Ամեն դեպքում բոլոր բանախոսները գտնում են, որ նման փոփոխություններ իրականացնելուց առաջ պետք է լուրջ քննարկումներ ու վերլուծություններ անել։ Օրինակ՝ ուսումնասիրություն կա, որ Մեծ Բրիտանիայում «Բրեքզիթի» արդյունքները այլ կլինեին, եթե ընտրության հնարավորություն ունենային նաև 17-ամյա քաղաքացիները։

Գաղափարի քննադատներին, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հասունության խնդիրը, իրավապաշտպան Սաքունցը հակադարձում է. «Այդպես մտածել են նաև 100 տարի առաջ, ասենք՝ կանանց իրավունքները երբ որ տալիս ենք, հետաքրքիր է՝ իրանք այդ քաղաքականությամբ զբաղվելու կամ որոշումները կարելի՞ է վստահել արդյոք, թե ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG