Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ղեկավարները շնորհավորել են Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձներ են հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Վեհափառ Տեր, ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք և արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում»:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել և որպես ազգային հոգևոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետև պետականության անկման շրջանում հենց Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել և պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, և այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է», - իր ուղերձում գրել է Հայաստանի վարչապետը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձում մասնավորապես գրել է. - «Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը»։

«Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերն՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը», - ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG