Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ․ հակահամաճարակային սահմանափակումների պայմաններում աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում։

Կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում աշխարհի տարբեր երկրներում արձանագրվեց ընտանեկան բռնության դեպքերի աճ: Այդուհանդերձ, Հայաստանի իրավապահները հայտնում են, որ վերջին ամսիներին ընտանեկան բռնության դեպքերով իրականացված քննությունների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոփոխվել:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, 2020 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 246 դեպք է քննվել: Սա անցած տարվա համեմատ ընդամենը վեց դեպքով է ավելի: Հայաստանում կորոնավիրուսի տարածումն ընդգրկող նույն ժամանակահատվածում Քննչական կոմիտեն ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ հարուցել է 209 քրեական գործ:

Ընտանիքներում բռնությունից տուժածներին աջակցող իրավապաշտպանները պնդում են, թե դեպքերն իրականում ավելի շատ են: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, բռնության ենթարկվածները պարզապես չեն բարձրաձայնում այդ մասին. – «Շուտով մենք կտեսնենք բավական ավելի դժվար իրավիճակներ, որովհետև նաև իրավիճակը պարտադրում է, որ մարդկանց մոտ առաջանան ներընտանեկան բավական սուր և ծանր իրավիճակներ»:

Լոքդաունի, համավարակի հետևանքով տանը մնալու պայմաններում բռնության դեպքերի աճն աշխարհում փաստում է ՄԱԿ-ը:

Ըստ Հովհաննիսյանի, դա այսօր առկա մարտահրավերներից մեկն է. – «Սահմանափակումներով պայմանավորված` մարդիկ հայտնվել են հենց այն տարածքում, որտեղ ապրում են համատեղ: Մարդկանց նյարդերը լարված են, և տունը դառնում է այն տեղը, որտեղ այդ լարվածությունը կարող է պայթյուն առաջացնել»:

Իրավապաշտպանի խոսքով, չնայած քննվող գործերի գրեթե նույն թվին ու բռնության ենթարկվածների լռությանը, իրենց դիմած քաղաքացիների թիվը կորոնավիրուսի ամիսներին ավելացել է. – «Ավելի քան 50 տոկոսի աճ ենք ունեցել տարբեր խնդիրներով, և 30 տոկոս հեռախոսազանգերի աճ ենք ունեցել ընտանեկան բռնության խնդրով»:

Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ, հասարակությունն ընտանեկան բռնությունն առայժմ դատապարտելի երևույթ չի համարում: Իր այս պնդումը նա պայմանավորում է մի քանի գործոններով` տեղեկատվական դաշտում պետության անգործությամբ, ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ առկա հակաքարոզչությամբ. – «Դա ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությանը նախորդող արշավներն էին, որոնք պնդում էին, որ բռնությունը դա արժեք է, որը պետք է պահպանել, պաշտպանել, և դա ավանդական ընտանիքի քանդման հիմք է հանդիսանում, երբ պայքարում են ընտանեկան բռնության դեմ»:

«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը համամիտ է գործընկերոջ հետ. հակաքարոզչությունն ազդում է ընտանեկան բռնության մասին մարդկանց պատկերացումների վրա. – «Շատ սխալ ա մեկնաբանվում, ներկայացվում Ստամբուլյան կոնվենցիան կամ այլ միջազգային փաստաթղթեր և կոնվենցիաներ»:

Գևորգյանի խոսքով, դեպքերի իրական պատկերն այլ է, սակայն երբ դրանք իրավապահներին են հասնում, խնդիրներ են առաջանում: Ըստ նրա, ընտանեկան բռնության վերաբերյալ համապատասխան մոտեցում չկա. – «Առաջինը, մեր երկրում ընտանեկան բնռության օրենքը քրեականացված չի, հետո, մենք չունենք համապատասխան մասնագետներ: Մենք Քննչական կոմիտեի հետ ունենք լուրջ խնդիր, որովհետև էնտեղ չկա համապատասխան մոտեցում ընտանեկան բռնության դեպքերին»:

Իրավապաշտպանի պնդմամբ, գործերը, հասնելով Քննչական կոմիտե, կանգնում են: Գևորգյանի խոսքով, երբ բռնության ենթարկված կնոջն ասում են, որ չգիտենք Քննչականում գործի քննությունը կշարունակվի, թե ոչ, կինը հրաժարվում է բարձրաձայնել իր հետ պատահածի մասին:

Կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին նշում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՄԻՊ-ն արտակարգ դրության 5 ամիսների ընթացքում 92 դիմում-բողոք է ստացել, ինչն անցած տարվա տվյալից շուրջ երկու անգամ ավելի է:

Գրասենյակի աշխատակից Շուշան Խուրշուդյանն ասում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում մի քանի խոչընդոտի է բախվում: Առաջինն այս երևույթի վերաբերյալ հասարակության թյուր ընկալումներն են. – «Այս խնդիրը դեռևս շարունակվում է համարվել մասնավոր խնդիր, և այդ մասին բարձրաձայնելը ամոթալի է»:

Քննչական կոմիտեի հրապարակած ամփոփ տվյալների համաձայն, 2020-ի առաջին վեց ամիսների ընթացքում ընտանեկան բռնության գործերով 196 անձ մեղադրյալի կարգավիճակ է ստացել: Ընտանիքներում հիմնական բռնարարները 35-ն անց տղամարդիկ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG