Մատչելիության հղումներ

Հայաստանի և Սինգապուրի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի հետ:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Սինգապուրի նախագահը շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու համար: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ այն մեծ հնարավորություններ կստեղծի երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է նախագահական ATOM (Advance TOMorrow) նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելն է: Նրա խոսքով՝ մի շարք պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող տեխնոլոգիական ձեռնարկություններ արդեն իսկ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, և նրանցից մի քանիսի հետ շուտով կկնքվեն նախնական պայմանագրեր:

Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության: Նախաձեռնության նպատակը փոքր պետություններին միավորելն է. համագործակցության և երկխոսության այս շրջանակում փոքր երկրները կկարողանան փորձ ու գաղափարներ փոխանակել, մշակել ապագայի վերաբերյալ տեսլական և օգնել միմյանց։ Սինգապուրի նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ակումբի ստեղծման գաղափարի նկատմամբ:

Հալիմա Յակոբը Հայաստանի նախագահին հրավիրել է հարմար ժամանակ այցելել Սինգապուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG