Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանի խոսնակ․ «Ստեփանակերտցիները շատ լավ գիտեն հասել է, թե չի հասել»


Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

«Ստեփանակերտցիները շատ լավ գիտեն հասել է, թե չի հասել»։ Այսպես է արձագանքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։

«2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր», - այս տարվա հունիսին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Արայիկ Հարությունյանը։

«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: - «Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերը առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կիլոմետր հեռավորության վրա: Եթե անօդաչու թռչող սարքերը այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի վրա»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակի խոսքով, կա ժամանակագրություն, կան փաստեր, և իրենք անիմաստ են համարում այս թեմայով հետագա քննարկումը. – «Չենք ուզում մեկնաբանենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Մի պարզ պատճառով, որ այդ օրերին, այդ թվում նաև «Ազատություն» ռադիոկայանը ՊՆ-ի վերաբերյալ փաստացի տվյալներ էր ներկայացնում և լուսաբանում: Փորձենք բավարարվել այդքանով: Ստեփանակերտցիները շատ լավ գիտեն հասել է, թե չի հասել»:

Պողոսյանը հղում է անում Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի «Ազատությանը» տված հարցազրույցին, որտեղ նա հաստատում է, որ 2016 թվականի ապրիլի 7-ի ուշ երեկոյան՝ զինադադարից երկու օր անց, երբ Ստեփանակերտում ընթանում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունները, Ստեփանակերտի երկնքում հայտնվել է ադրբեջանական անօդաչու սարք, որը ոչնչացվել է։

Բաբայանն ասել էր. – «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում և բանակցությունների ընթացքում հակառակորդը Ստեփանակերտի օդային տարածք է ուղարկել անօդաչու թռչող սարք: Եվ մեր հակաօդային պաշտպանությունը անմիջապես հայտնաբերել է այն և ոչնչացրել»:

Սերժ Սարգյսանը, այսօր հայտարարելով, թե որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, զուգահեռ ընդգծել է, որ տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մարզկենտրոն Բերդ և կատարել իրենց առաջադրանքերը. – «Իհարկե շատ մեծ կորուստներ, փառք Աստծո, չեղավ, բայց հասել են, չէ՞: Սա ես ոչ թե որպես թերություն կամ կշտամբանք եմ ներկայացնել, այլ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չի, որը կարող է կլանել կամ դեմ լինել որևէ թռչող սարքի: Նորից եմ կրկնում, որ որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը: Սա արդեն խոսում է ինչ-որ մի բանի մասին»:

Նկատենք, որ այս թեմայով Արայիկ Հարությունյան - Սերժ Սարգսյան բանավեճը նոր չէ։ Արցախի նախագահի հարցազրույցից հետո երրորդ նախագահը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ու Հարությունյանի հայտարարությունը «անտեղյակ» որակել։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հիշեցնում է, որ Հարությունյանը ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է Արցախի վարչապետը:

XS
SM
MD
LG