Մատչելիության հղումներ

Զինվորական հեղաշրջում Մալիում․ նախագահը հրաժարական տվեց, կառավարությունն ու խորհրդարանը ցրվել են


Մալի - Զինվորականները մայրաքաղաք Բամակոյի Անկախության հրապարակում, 18-ը օգոստոսի, 2020թ.
Մալի - Զինվորականները մայրաքաղաք Բամակոյի Անկախության հրապարակում, 18-ը օգոստոսի, 2020թ.

Մալիում զինվորական հեղաշրջում է իրականացվել։ Ապստամբ զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտային ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Ժամեր անց պետական հեռուստատեսության եթերում նախագահը հայտարարեց, որ հրաժարական է տվել, ցրել խորհրդարանն ու կառավարությունը։

«Եթե այսօր մեր զինված ուժերի մի մասը գտնում է, որ իմ կառավարումը պետք է ավարտվի իրենց միջամտությամբ, ապա արդյո՞ք ինձ ընտրության այլ տարբերակ է մնում։ Ես արյունահեղություն չեմ ցանկանում իշխանությունը պահելու համար, ուստի ցանկանում եմ անհապաղ հրաժարական հայտարարել», - ասել է նա բժշկական դիմակով իր կարճ ելույթում։

Աֆրիկայի արևմուտքում գտնվող այդ երկրի ներքաղաքական ճգնաժամը կարող է ավելի խորանալ։ Հունիսից ի վեր Մալիում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ցուցարարները նախագահին մեղադրում էին կոռուպցիայի, ինչպես նաև երկրում անվտանգություն ապահովելու անկարողության մեջ։ Մալիի հյուսիսում և կենտրոնական շրջաններում գնալով ակտիվանում են իսլամիստ զինյալները։

Մալիի մայրաքաղաք Բամակոյում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` ողջունելով նախագահի հրաժարականը և ապստամբ զինվորականներին։

Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, Ֆրանսիան, որի նախկին գաղութն էր Մալին, դատապարտել են զինվորական հեղաշրջումը՝ պահանջելով ազատ արձակել Իբրահիմ Կեյտային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG